Ռուսաստանի օդանավակայաններում Էբոլա տենդի վիրուսը բացահայտելու համար լրացուցիչ սարքավորումներ են տեղադրելու: Այս մասին տեղեկացրել է ռուսական կառավարության մամուլի ծառայությունը: Հարցը քննարկվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ:

«Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել իրավիճակի եւ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայի տենդի համաճարակի հետ կապված միջոցների ձեռնարկման կապակցությամբ: Քննարկվել են տենդի տարածման դեմ պայքարի կազմակերպումն ու բժշկական մեթոդները, բուժանձնակազմի նախապատրաստմանը, սահմանին կարանտինի ուժեղացմանը վերաբերող հարցեր, ինչի համար էլ օդանավակայաններում լրացուցիչ հատուկ սարքավորումներ են տեղադրվելու»,- նշում է աղբյուրը:

Ավելի վաղ Ռուսաստանի Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Սալագայը հայտարարել էր, որ Էբոլայի վիրուսի պատճառով երկիր Արեւմտյան Աֆրիկայի պետությունների քաղաքացիների մուտքի արգելքի գաղափարը բավարար հիմնավորում չունի: