Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) Համալիր օնկոլոգիական կենտրոնի գիտնականները պարզել են, որ կաթնագեղձի քաղցկեղի բուժման ավանդական մեթոդները կարող են արագացնել կենսաբանական ծերացման պրոցեսը եւ ուժեղացնել բորբոքումն օրգանիզմում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the National Cancer Institute-ում (JNCI)։
Հետազոտությանը մասնակցել են անամնեզում կաթնագեղձի քաղցկեղ ունեցող կանայք։ Գիտնականները նրանցից հավաքել են արյան նմուշներ լաբորատոր զննման համար, եւ պարզել, թե հիվանդության բուժման որ մեթոդն է օգտագործվել։
Արդյունքները ցույց են տվել, որ բուժման ավանդական միջոցները (ուռուցքի վիրաբուժական հեռացումը, ճառագայթային եւ քիմիաթերապիան) կապված են եղել կանանց արյան մեջ բջջային ծերացման մարկերների ավելի բարձր մակարդակի հետ։ Կաթնագեղձի քաղցկեղի թերապիայից հետո փորձարկվողների մոտ նկատվել են ավելի մեծ թվով վնասված ԴՆԹ, ուժեղ բորբոքում օրգանիզմում եւ արագացված բջջային ծերացում։
Գիտնականները նաեւ պարզել են գեների ավելի մեծ էքսպրեսիա՝ կապված կենսաբանական ծերացման հետ, բոլոր կանանց մոտ, անկախ թերապիայի տեսակից։
Հետազոտողները նախատեսում են շարունակել աշխատանքը, որպեսզի պարզեն, թե կարող են արդյոք ծերացման հայտնաբերված ազդանշանները երկարատեւ ազդեցություն ունենալ պացիենտների կենսաբանական տարիքի վրա։ Գիտնականները նաեւ փորձում են պարզել, թե կարելի է արդյոք «հարթել» թերապիայի պատճառած վնասն առողջ կենսակերպով։






