ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ մանրամասն քննարկվեցին նոյեմբերի սկզբին Երեւանում կայանալիք հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովի եւ այդ առթիվ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի ղեկավարած պատվիրակության այցի հետ կապված կազմակերպական հարցերը։ Աշխատանքային խումբը նախարարին ներկայացրեց արդեն իսկ կատարված աշխատանքները։ Եւս մեկ անգամ քննարկվեցին համագումարի ծրագիրը, պլենար նիստերի թեմաները, նախատեսվող հանդիպումներն ու միջացումները։

Այնուհետեւ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրեց Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակային իրավիճակն աշխարհում։ Նախարարին զեկուցվեց, որ ի կատարումն իր հրամանի ամրագրվել են բոլոր հնարավոր կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները, ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ` ցամաքային անցակետերում, ձեռք է բերվել մեծաթիվ անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ` անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։ «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» տնօրեն Արա Ասոյանը ներկայացրեց, որ հիվանդանոցում ապահովվել են անհրաժեշտ պայմաններ վարակի կասկածի դեպքում հիվանդներին մեկուսացնելու համար։

Արմեն Մուրադյանը հանձնարարեց անցկացնել եւս մեկ վարժանք վիրուսի ներթափանցման դեպքում պատրասվածության աստիճանը գործնականում գնահատելու համար։

Նախարարը բոլորից պահանջեց բարձր պատասխանատվություն եւ կազմակերպվածություն։

Քննարկվեցին նաեւ ընթացիկ հարցեր։