«Էրեբունի» բժշկական կենտրոնը դարձել է տարածաշրջանային կրթական կենտրոն, ուսումնական խաչմերուկ, որտեղ եվրոպայի և ԱՊՀ երկրների նյարդավիրաբույժները գերմանական Siemens Healthineers ընկերության արտադրության ARTIS Icono բացառիկ անգիոգրաֆով աշխատելու հմտություններ են ձեռք բերում:
Բժիշկների բազմաթիվ խմբեր են այցելել ուսումնական կենտրոն՝ վերապատրաստվել, ավելի քան 60 բժիշկ տեսական և գործնական գիտելիքներ է ստացել:
Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանի հետ հաճախ բժշկական թիմերին մասնագիտական հմտություններն է փոխանցում նաև հայտնի նյարդավիրաբույժ, Լոս Անջելեսի Ուղեղի կաթվածների մասնագիտացված կենտրոնի տնօրեն Միքայել Գրիգորյանը։
Ինչպես տեղեկանում ենք «Էրեբունի» ԲԿ ֆեյսբուքյան էջից, վերապատրաստվողների հերթական խումբը Ռուսաստանի Դաշնության տարբեր երկրամասերի բժիշկներն էին։ Նրանք հենց տեղում ականատես եղան ներանոթային բարդագույն միջամտությունների, ձեռք բերեցին եզակի սարքավորումներով աշխատելու փորձ։






