Լոնդոնի Կայսերական քոլեջի բրիտանացի գիտնականները մշակել են հասանելի նյութերից վնասված վերջույթների սերտաճման ֆիքսատորի ստեղծման ուղեցույց։ Այդ սարքերը կարող են կանխել ձեռքերի կամ ոտքերի կորուստը վնասվածքի ժամանակ, որն ստացվել է տարերային աղետի կամ մարտական գորոծղությունների ընթացքում, տեղեկացրել է The Guardian թերթը։

Գյուտի հեղինակների խոսքով՝  իրենք ցանկացել են նախագծել ուղեցույց, որը թույլ կտա արտադրել բժշկական սարքեր ամենահասանելի նյութերից՝ սովորական սարքերի օգնությամբ։

Մասնագետներն ստեղծել են կոնստրուկցիա, որը միացած է պահում կոտրված ոսկորը՝ վերքերին ապաքինվելու եւ վերջույթը պահպանելու շանս տալով։ Դրա պատրաստման համար անհրաժեշտ են չժանգոտվող պողպատի մի քանի ձողեր եւ ալյումինի որոշ քանակություն։

Հետազոտողները նշել են, որ ֆիքսատորն ամրացվում է ոսկորին շտիֆտների օգնությամբ՝ դրսում մնալով, որպեսզի նվազեցվի վարակի առաջացման վտանգը։

Գիտնականները նաեւ ստեղծել են գործիքների հավաքածու ֆիքատորների պատրաստման համար։ Դրանք փորձարկվում են Քենիայում եւ Ռուանդայում՝ տեխնոլոգիայի կատարելագործման նպատակով։