Մելբուրնի համալսարանի ավստրալացի գիտնականները հայտնաբերել են մոլեկուլի անհայտ հատկություն, որը կարող է օգնել անբացատրելի անպտղության բուժմանը: Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) բժշկագիտական հանդեսում:

Փորձագետները պարզել են, որ miR-124-3p մոլեկուլի կոնցենտրացիան մեծացել է արգանդի լորձաթաղանթում (էնդոմետրիում) այն կանանց շրջանում, որոնք անհայտ պատճառներով չեն կարողանում հղիանալ:

Հետազոտողները ենթադրում են, որ miR-124-3p-ը կարող է սաղմի կցման համար էնդոմետրիումը դարձնել ոչ պիտանի:

Նախքան սաղմի իմպլանտացվելը, էնդոմետրիումը ենթարկվում է փոփոխությունների՝ դաշտանային ցիկլի կարճ ժամանակահատվածում սաղմի համար ընկալունակ դառնալու համար:

Իրենց վարկածը հաստատելու համար թիմը մշակել է մկների արգանդի լորձաթաղանթի մոլեկուլը կառավարելու նոր միջոց: Արհեստականորեն աճեցման դեպքում՝ հատուկ և միայն այն ժամանակ, երբ ենթադրվում էր, որ սաղմերը պետք է իմպլանտային, սաղմերը ի վիճակի չեղան ամրապնդվել և իմպլանտացվել:

Հետազոտությունն իրականացվել է նաև մարդու բջիջների վրա, որտեղ պտղաբերության խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում էնդոմետրիալ բջիջներում մոլեկուլի մակարդակի նվազումը հեշտացրել է սաղմերի իմպլանտացիան: Դա նշանակում է, որ miR-124-3p թիրախավորումը կարող է արգանդի անպտղությանն առնչվող ախտորոշման և բուժման նոր միջոց դառնալ:

«Հետազոտությունն ընդգծում է miR-124-3p-ի օգտագործման ներուժը՝ որպես արգանդի անպտղության ախտորոշման և բուժման նոր միջոց՝ ոլորտում նոր ուղղություն առաջարկելով: Այն կարող է ծառայել որպես բիոմարկեր էնդոմետրիալ անպտղությունից տառապող կանանց բացահայտման համար»,-նշել են հոդվածի հեղինակները։