Հայկ Համբարձումյանն իր դիմումի համաձայն հեռացել է Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Լուրը NEWS.am Medicine-ին հաստատեցին բուժկենտրոնից։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հիվանդանոցում խնդիրներ էին առաջացել աշխատավարձերի վճարման հետ կապված։ Հունիսին ԲԿ աշխատակիցները բողոքել էին, որ փետրվար–մարտ ամիսներին ընդամենը մի քանի բժիշկ է ստացել աշխատավարձ՝ այն էլ մասամբ,  ապրիլի աշխատավարձն էլ ընդհանրապես ոչ ոք  չէր ստացել:  Տնօրինությունից նրանց ասել էին, որ նախարարությունից ֆինանսավորումը մասամբ են ստացել։

Հայկ Համբարձումյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ աշխատավարձը ընդամենը մեկ ամիս են ուշացրել, և որ սահմանված կարգով առողջապահության նախարարությունից ստացել են իրենց հասանելիք գումարները:

Առողջապահության նախարարությունը «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ–ին տրված պաշտոնական պարզաբան մեջ հաստատել էր, որ Արտաշատի ԲԿ -ի կողմից առկա են եղել աշխատավարձերի ժամկետանց պարտքեր:

Մեր տեղեկություններով, աշխատավարձերի հետ կապված խնդիրը դեռ պահպանվում է։