Իսպանացի գիտնականները հայտնաբերել են, որ հետդաշտանադադարում գտնվող կանանց մոտ հորմոնալ դրական կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մոտ 40%-ը, ըստ ամենայնի, կապված է մարմնի ավելորդ ճարպի հետ: Դա ցույց է տվել հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of Epidemiology and Community Health (JECH) հանդեսում:
Հետազոտությանը մասնակցել է կրծքագեղձի քաղցկեղից տառապող 1033 կին և այդ հիվանդությունից զերծ 1143 կամավոր: Բոլոր փորձարկվողները եղել են հետդաշտանադադարի փուլում: Դա վերարտադրողական գործառույթի անկման շրջաններից է, որը սկսվում է դաշտանադադարից հետո և տևում մինչև 65-70 տարի կամ մինչև կյանքի ավարտը։
Գիտնականները վերլուծել են մասնակիցների կենսակերպի ու հիվանդության պատմության տվյալները։ Նրանք միաժամանակ կենսանյութ են տրամադրել 20-85 տարեկան հասակում կոլոռեկտալ, կրծքագեղձի, ստամոքսի և խրոնիկական լիմֆոցիտար սպիտակարյունությանն առնչվող շրջակա միջավայրի և գենետիկական գործոնների գնահատման համար:
Բացի դրանից, կամավորները հայտնել են իրենց հասակի և քաշի մասին: Մարմնի ճարպի քանակությունը գնահատելու համար օգտագործվել է երկու ցուցանիշ՝ մարմնի զանգվածի ինդեքս և մարմնի ճարպակալման գնահատման CUN-BAE (Clínica Universidad de Navarra-Body Adiposity Estimator) սարք: Հետազոտողները պնդում են, որ մարմնի զանգվածի ինդեքսը տարեց կանանց մարմնի ճարպի ճշգրիտ ցուցանիշ չէ, քանի որ այն հաշվի է առնում միայն հասակը և քաշը: CUN-BAE-ն հիմնված է տարիքի և սեռի վրա և, հետևաբար, ավելի շատ տեղեկություն է տրամադրում:
Վերլուծությունը ցույց է տվել, որ CUN-BAE-ի օգտագործման ժամանակ կրծքագեղձի քաղցկեղի վտանգն 45% կամ ավելի բարձր ճարպային մակարդակ ունեցող կանանց շրջանում ավելի քան կրկնապատկվել է: Գիտնականները նշել են, որ մարմնի զանգվածի ինդեքսը դրա հավանականությունը կարող է թերագնահատել:
Հայտնի է, որ ճարպակալումն օրգանիզմում բորբոքային պրոցես է հրահրում, ինչը կարող է հանգեցնել ներբջջային մակարդակում օրգանների և հյուսվածքների ոչ պատշաճ աշխատանքի։ Բացի դրանից, ավելորդ ճարպն ազդում է էնդոգեն սեռական հորմոնների սինթեզի և կենսամատչելիության վրա, ինչն հորմոնից կախված քաղցկեղի զարգացման համար առանցքային նշանակություն ունի:






