Երկու տարի առաջ հայ հոգեբանները Հայոց ցեղասպանության ընկալման հետազոտություն են կատարել, որի արդյունքները հրապարակվել են «Հոգեկան առողջության հայկական հանդես»-ում: Հիմա Հայաստանի մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության եւ զարգացման ամբիոնի դոցենտ Վազգեն Պողոսյանը, ով նույնպես մասնակցել է այդ հետազոտությանը, առաջարկում է շարունակել այն եւ դրա հիման վրա 2015 թվականին ամսագրի հատուկ թողարկում պատրաստել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին «Հոգեկան առողջության հայկական հանդես»-ի 5-ամյակի հանդիսության ժամանակ NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է Վազգեն Պողոսյանը:
«Հիմա մենք հնարավորություն ունենք շարունակել ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ընկալումը հոգեբանական-հոգեկան տեսանկյունից»,- ասել է նա:
Հարցին, թե այնպիսի ցնցումը, ինչպիսին Ցեղասպանությունն է, արդյո՞ք հանգեցնում է գենետիկ փոփոխությունների, հոգեբանը պատասխանել է, որ կոնկրետ իրենց հետազոտությունը նվիրված է Ցեղասպանության ազդեցության այլ ասպեկտներին, սակայն, անկասկած, փոփոխություններ տեղի են ունեցել ինչպես Ցեղասպանությունը վերապրածների, այնպես էլ նրանց սերունդների ենթագիտակցության մեջ: «Ենթագիտակցության մակարդակից այդ փոփոխությունները փոխանցվում են անգիտակցական մակարդակ, եւ վերջնական արդյունքում հանգեցնում են գենետիկ մակարդակով փոփոխությունների, ինչն էլ իր հերթին հանգեցնում է փոփոխությունների ինչպես հոգեբանության մեջ, այնպես էլ որոշակի պաթոլոգիական դրսեւորումների»,- նշել է նա:
«Իհարկե, չի կարելի վերապրած ցեղասպանության պատճառով ամբողջ ազգին «հիվանդ» կոչել, բայց մենք բոլորս միանշանակ Հայոց ցեղասպանության հետեւանքների կրող ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե շղթայական հետազոտենք մեր ժողովրդին բաժին հասած բոլոր ցնցումները, ապա կտեսնենք, որ հոգեբանական ասպեկտում մեկը մյուսի շարունակությունն է, եւ դրանցից յուրաքանչյուրն ինչ-որ բացասական բան է ավելացնում մեր ժողովրդի ժառանգական հիշողության մեջ, եւ դա ազդում է ազգի ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա:
2012 թվականին հրապարակված իրենց հետազոտության մեջ հայ հոգեբաններն ու հոգեբույժները ելնում էին այն հանգամանքից, որ «բացի զուտ պատմական եւ քաղաքական ասպեկտից, ցեղասպանության ֆենոմենն արդիական հոգեբանական գործոն է հայկական էթնոսի համար»: «Ցեղասպանությունն ինչպես էությամբ, այնպես էլ բովանդակությամբ արտակարգ տրավմատիկ իրադարձություն է ինչպես առանձին անհատի, այնպես էլ մարդկանց հսկայական զանգվածների համար, ովքեր վերապրել են այդ իրադարձությունը»,- ասված է հոդվածում:
Հայաստանում եւ այլ երկրներում բնակվող հայ ընտանիքների հետազոտության հիման վրա մասնագետները հանգել են եզրակացության, որ «հայերն այդ իրադարձությունը չեն մարսել, խնդիրը լուծված չէ, ցեղասպանությունն արդիական է ինչպես գիտակցական, այնպես էլ, ըստ ամենայնի, ենթագիտակցական մակարդակով»: «Այդ անկատարությունը դեռ երկար տարիներ ձեւավորելու է ինչպես հայերի հոգեբանական կերպարը, այնպես էլ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի արտաքին քաղաքականությունը»,- ամփոփում է հոդվածը:
«Հոգեկան առողջության հայկական հանդես»-ի խմբագրական կոլեգիայի հոբելյանական նիստի ժամանակ Վազգեն Պողոսյանի առաջարկությամբ որոշվել է 2015 թվականին ամսագրի համարներից մեկը նվիրել Ցեղասպանության հետեւանքների հոգեբանական եւ հոգեկան հետեւանքների ուսումնասիրությանը:






