Ռուս կենսաբանները ստեղծել են երիկամներին դեղերը հասցեական հասցնելու համակարգ քրոնիկական հիվանդությունների բուժման համար։ Դեղը տեղադրվելու է յուղով լցված միկրոգնդերի ներսում։ Այդ մասնիկների թաղանթը բաղկացած է կենսաբանորեն չեզոք նյութից, որն ստացվում է կաթի շիճուկից։ Լաբորատոր կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ օրգանիզմ մտցվելուց հետո մածուցիկ նյութը արագ կուտակվում է երիկամներում։ Դա թույլ է տալիս հասցեական կիրառել դեղերը եւ նվազեցնել կողմնակի ազդեցություների էֆեկտը։ Արդյունքները հրապարակվել են Optical Materials ամսագրում։

Համակարգն ստեղծողները խառնել են (կաթի) շիճուկային սպիտակուցը կտավատի յուղի հետ։ Արդյունքում՝ խառնուրդը բաժանվել է էմուլսիոն միկրոմասնիկների, տեղեկացրել է «Мировое обозрение» պորտալը։ Նրանցից յուրաքանչյուրը բաղկացած է յուղի փուլից եւ սպիտակուցային թաղանթից։ Երկու բաղադրիչներն անվտանգ են կաթնասունների օրգանիզմի համար։

«Առաքման առաջարկվող համակարգը կուտակվում է երիկամներում, ինչը թույլ է տալիս խուսափել այլ օրգաններում դեղերի հայտնվելուց։ Ընդ որում, այն թունավոր չէ այն բանի շնորհիվ, որ բաղկացած է բնական եւ կենդանի բջիջների համար անվտանգ բաղադրիչներից։ Բացի այդ, մեր փորձերը ցույց են տվել, որ միկրոգելը կարելի է օրգանիզմ ներարկել ներերակային՝ առավել արագ, ճշգրիտ եւ պացիենտին հարմար ձեւով։ Հետագայում մենք նախատեսում ենք թեստավորել դեղով լիցքավորված միկրոգելը երիկամների վարակիչ, իմունաբանական եւ ուռուցքաբանական բնույթի տարբեր հիվանդությունների բուժման համար»,- RT-ին ասել է Գիտության եւ տեխնոլոգիաների Սկոլկովոյի ինստիտուտի Վլադիմիր Զելմանի անվան նեյրոկենսաբանության եւ նեյրովերականգնման կենտրոնի ավագ գիտաշխատող Օլգա Սինդեեւան։