Eurosurveillance ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, որը ներկայացրել են Կարոլինայի ինստիտուտի եւ այլ կազմակերպությունների հետազոտողները, Շվեդիան հասել է ՅՈւՆԷՅԴՍ-ի (ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի գծով ՄԱԿ միավորված ծրագրի- խմբ.) եւ ԱՀԿ նպատակներին ՄԻԱՎ համաճարակի դեմ պայքարի ոլորտում։

Հետազոտողների կարծիքով՝ Շվեդիան առաջին երկիրն է աշխարհում, որը հասել է այդ նպատակներին։ Շվեդիան հասել է պատմական փուլի ՄԻԱՎ-ի դեմ պայքարում։

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Շվեդիան հասել է ՅՈւՆԷՅԴՍ-ի եւ ԱՀԿ թիրախային ցուցանիշներին ՄԻԱՎ համավարակի հարցում, որոնք հայտնի են որպես «95-95-95»։

Դա նշանակում է, որ երկրում ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց 95 տոկոսը ախտորոշվել է, նրանց 95 տոկոսը բուժում է ստացել, 95 տոկոսի մոտ, որը բուժում է անցնում, արյան մեջ վիրուսի մակարդակը պարզված չէ։ Թիրախային ցուցանիշները պետք է ձեռք բերվեն մինչեւ 2025թ.։

Շվեդիայում ցուցանիշներն ավելի լավ են. 96 տոկոսի մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ, 99 տոկոսը գտնվում է բուժման մեջ եւ 98 տոկոսի մոտ վիրուսի մակարդակը պարզված չէ։

«Սա այն բանի ապացույցն է, որ  կարելի է հասնել այս հավակնոտ նպատակներին։ Դա ցույց է տալիս, որ շվեդական ենթակառուցվածքը վարակի հայտնաբերման համար շատ արդյունավետ է»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Հուդինգի Կարոլինայի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Անդերս Սյոներբորգը։

Հետազոտությունը հիմնված է ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ազգային կոհորտայի վրա, որն ստեղծվել է 2003թ.։ Շվեդիայում ՄԻԱՎ ունեցող բոլոր մարդկանց ավելի քան 99 տոկոսը մտնում է այդ խմբի մեջ, եւ տվյալները ուսումնասիրվել են բիոինֆորմատիկայի առաջավոր մեթոդների օգտագոծմամբ, Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի (ԱՄՆ) հետազոտողների հետ համագործակցությամբ։

«Մենք ցույց ենք տվել, որ իսկապես հասել ենք նպատակին։ Դա նշանակում է, որ Շվեդիայում ՄԻԱՎ ունեցող մարդկանց կյանքի տեւողությունը մոտենում է ՄԻԱՎ չունեցող մարդկանց կյանքի տեւողությանը, եւ որ այդ ախտորոշումն ունեցող մարդկանց ճնշող մեծամասնությունը վարակիչ չէ»,- նշել  է պրոֆեսոր Սյոներբորգը։