Division of Graduate Medical Sciences at Boston University-ի (ԱՄՆ) գիտնականները հետազոտություն են կատարել, որի արդյունքները ցույց են տվել, որ անօթեւան մարդիկ դառնում են ծայրահեղ շոգի առաջին զոհերը։
Հետազոտությունը հրապարակվել է AJE պորտալում եւ ընդգրկել է մահացության մասին տվյալները անօթեւանների շրջանում Կալիֆոռնիայի եւ Նեւադայի շոգ նահանգներում, ներառյալ այնպիսի խոշոր մեգապոլիսները, ինչպիսին են Լոս Անջելեսը եւ Լաս Վեգասը։
Այդ քաղաքներն ընտրվել են ոչ պատահականորեն. դրանցում նկատվում է փողոցներում ապրող մարդկանց մեծ տոկոս, իսկ կլիման բնութագրվում է բարձր ջերմաստիճաններով, հատկապես ամռան ամիսներին, տեղեկացրել է Planet Today-ը։ Հետազոտության ընթացքում մասնագետերն ուսումնասիրել են մահացության ցուցանիշները եւ եկել այն եզրակացության, որ շոգ եղանակը զգալիորեն ավելացնում է մահացու ելքերի թիվը անօթեւանների շրջանում։
Աշխատանքի հեղինակները նշել են, որ չնայած կապը բարձր ջերմաստիճանի եւ անօթեւանների մահացության միջեւ սպասելի էր, այդ խնդրի չափերը ցնցող են եղել։ «Մեր գնահատականները 10-100 անգամ գերազանցում են հայտնի ցուցանիշները ընդհանուր առմամբ Լոս Անջելեսում եւ Լաս Վեգասում»,- հայտնել են հետազոտողները։
Շոգի զոհերի թիվը նվազեցնելու համար գիտնականներն առաջարկել են այնպիսի միջոցներ, ինչպիսին են բոլորի համար հասանելի ջրային կայանները, կանաչապատ քաղաքային տարածքների ընդլայնումը, լույսն անդրադարձնող նյութերի օգտագործումը շենքերը ներկելու համար եւ հատուկ զովացնող կենտրոնների կազմակերպումը, որոնք հասանելի կլինեն բնակչության բոլոր շերտերին։
Այս խորհուրդները կարող են կարեւոր քայլեր լինել գլոբալ ջերմացման հետեւանքների դեմ պայքարում, որն առավել սուր զգացվում է խոցելի խմբերում, ներառյալ անօթեւան մարդիկ։






