Հոնդուրասի իշխանությունները Ռոատան կղզուց վտարել են երկու ամերիկացիների՝ Էբոլայի վիրուսի հետեւանքով Դալլասում մահացած Լիբերիայի քաղաքացի Թոմաս Դունկանի հետ շփում ունենալու համար: Այս մասին տեղեկացնում է Հոնդուրասի առողջապահության նախարար Յոլանի Բատրեսը:

Պաշտոնյայի խոսքով՝ ամերիկացիներին հայրենիք են ուղարկել ինքնաթիռով, ներկայում նրանք Դալասի հիվանդանոցում են: Հոնդուրաս նրանք ժամանել են Carnival Magic զբոսանավով: Այդ նավն ավելի վաղ Մեքսիկայի Կոսումել կղզում կանգառի թույլտվություն չէր ստացել: Մինչ արտաքսումը երկու ամերիկացիներն էլ ինքնակամ դուրս չեն եկել նավախցից:

La Segunda պարբերականի տեղեկացմամբ, խոսքն Էբոլայի հետեւանքով մահացած հիվանդի հետ աշխատած սանիտարի եւ նրա ամուսնու մասին է: Ռոատանում կանգառի ժամանակ ամերիկուհի սանիտարն ափ չի իջել: