2024թ. աշխարհի շատ երկրներում նորից բռնկվել է կապույտ հազի համաճարակը, միայն ԱՄՆ-ում գրանցվել է ավելի քան 18 500 դեպք, տեղեկացրել է Euronews-ը։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալներով՝  Միացյալ Նահանգներում ներկա պահին հիվանդության դեպքերի թիվը հինգ անգամ ավելի բարձր է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Սա ամենաբարձր մակարդակն է 2014 թվականից ի վեր։

Դա տեղի է ունենում նաեւ Եվրոպայում իրավիճակի վատացման ֆոնին։ Առողջապահության ֆրանսիական մարմինները տեղեկացնում են ամենալուրջ համաճարակի մասին վերջին 25 տարիներին։

Անցած ամիս Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ համաճարակը շարունակվում է 2024թ. սկզբից եւ «ուժեղացել է վերջին ամիսներին»։

Գրանցվել է մոտ 35 000 դեպք ՊՇՌ-թեստերի օգնությամբ։ Հիվանդության պատճառով Ֆրանսիայում մահացել է 22 երեխա, 20-ը՝ մանկահասակ։

Հանրային առողջապահության գործակալության տվյալներով՝ համաճարակային վերահսկողության համակարգը Ֆրանսիայում գրանցել է ավելի քան 130 000 դեպք ընդհանուր պրակտիկայի բժիշկների մոտ։

Կապույտ հազը (կոկլյուշ) սկսվում է որպես սովորական մրսածություն։ Առաջանում է հազ, որը շաբաթներ է տեւում։

Հիվանդությունը հատկապես վտանգավոր է չպատվաստված կամ մասամբ պատվաստված փոքրիկների համար։ Նրանք կարող են չհազալ, բայց շնչառական դժվարություններ ունենալ։

Փորձագետները նշում են, որ կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) տվյալներով՝ պատվաստումը հղիության ժամանակ «շատ արդյունավետ է հիվանդության եւ մահվան կանխման համար նորածինների շրջանում, որոնք դեռ շատ փոքր են, որպեսզի պատվաստվեն»։

Սովորաբար կապույտ հազի բռնկումները տեղի են ունենում շրջափուլերով, 3-5 տարին մեկ։ Բռնկումն ԱՄՆ-ում վկայում է «ավելի տիպիկ միտումներին վերադառնալու» մասին քովիդի համավարակից հետո, որի ժամանակ կապույտ հազի դեպքերը զգալիորեն նվազել էին, հայտնել են CDC-ում։

Ֆրանսիական Պաստերի ինստիտուտի փորձագետների կարծիքով՝ համավարակը խախտել է այդ փուլերի ռեգուլյարությունը։ Անցած ամիս հրապարակված զեկույցում նշվել է, որ այս տարի տեղի է ունեցել «աննախադեպ բարձրացում»։

Ինստիտուտում կարծում են, որ դա կարող է կապված լինել իմունիտետի թուլացման հետ COVID-19-ի համավարակի ժամանակ։

Նրանք նաեւ «հայտնաբերել են բակտերիալ իզոլյատ», որը կայուն է առաջին շարքի հակաբիոտիկների հանդեպ, եւ հայտնել են կապույտ հազ առաջացնող բակտերիաների շտամների մոնիթորինգի անհրաժեշտության մասին։

Եվրոպական կենտրոնի զեկույցում նշվել է, որ 2023թ. եւ մինչեւ 2024թ. ապրիլ եվրոպական երկրներում գրանցվել է նոտ 60 000 դեպք, ինչը մոտ տասն անգամ ավելին է, քան 2021 եւ 2022թթ.։

Մեծ Բրիտանիայի առողջապահության անվտանգության գործակալության (UKHSA) տվյալներով՝ Անգլիայում 2024թ. հունվարից գրանցվել է 13 000 դեպք, 10 մանկահասակ երեխա մահացել է։

2024թ. սկզբին հիվանդության դեպքերի թիվն ավելացել է, «ինչպես եւ սպասվում էր սովորական սեզոնային օրինաչափությունների հիման վրա», նշել են գործակալությունում։ Հունիս-օգոստոս շրջանում ցուցանիշները նվազել են, բայց եւ մնացել բարձր մինչեւ համավարակը տարիների համեմատությամբ։

«2024թ. երկրորդ եռամսյակում հաստատված դեպքերը զգալիորեն ավելի բարձր են եղել, քան 2012թ. ցանկացած եռամսյակում, երբ տեղի է ունեցել հիվանդության մեծ բռնկում»,- ավելացրել են գործակալությունում։