Ձմռան ցուրտ օրերին եւ տոներին չվարակվելու համար պետք է խիստ հետեւել հիգիենայի եւ անվտանգության կանոններին, եւ պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ, հատկապես հակաբիոտիկներով։ Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչ, գրիպի, սուր շնչառական հիվանդությունների համակարգող Լիանա Թորոսյանը։
«Ամանորի հետ կապված Առողջապահության նախարարության ուղերձն է բնակչությանը՝ եթե տարածքում կա հիվանդ մարդ, նրանից պետք է առնվազն երկու մետր հեռավորություն պահել», - ասաց մասնագետը։
Ըստ նրա, հարուցիչները չեն կարողանում հաղթահարել այդ երկու մետր տարածությունը, եւ դա հարաբերականորեն պաշտպանում է վարակից։
«Երկրորդ նախապայմանը, առողջ ապրելակերպի կանոնների պահպանումն է, տարածքների հաճախակի օդափոխումն է, որովհետեւ մարդկանց մեծ կուտակումները կարող են պատճառ դառնալ օդակաթիլային վիրուսների տարածմանը։ Կարմիր թելով գնում են նաեւ անձնական հիգիենայի կանոնները, քանի որ հազում, փռշտում ենք ձեռքի մեջ, ու հաճախակի չենք լվացվում», - ասաց նա։
Մյուս պայմանը, ըստ մասնագետի, եղանակին համահունչ հագնվելն է։ «Տեսնում ենք դրսում այս ցրտին ման են գալիս գլուխը բաց երեխաները, նույնիսկ տարեցները, որոնք ավելի խոցելի են։ Եվ իհարկե առատ հեղուկներ, եւ վիտամիններով հարուստ սնունդ է անհրաժեշտ։ Իսկ եթե հիվանդ եք, տոն օրերին պետք չէ հյուր գնալ, եւ վտանգի ենթարկել մյուսներին», - ասաց նա։
Մասնագետը հորդորեց նաեւ սուր շնչառական վարակների դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել։ «Պիտի հիշեցնեմ, որ հակաբիոտիկները շնչառական վարակների դեպքում բացարձակապես չեն օգնում, ընդհակառակը, դրանք եւս նպաստում են իմունիտետի թուլացմանը, եւ թույլ են տալիս վիրուսին անել իր գործն մինչեւ վերջ»։






