ԱՄՆ առողջապահության դաշնային ներկայացուցիչները հայտնել են, որ 75 մարդ 13 նահանգներում հիվանդացել է վերջերս բռնկված աղիքային ցուպիկի հետեւանքով՝ կապված McDonald's Quarter Pounder-ի համբուրգերների հետ, տեղեկացրել է CBS News-ը։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) հաստատել են մահվան մեկ դեպք՝ կապված բռնկման հետ։

22 մարդ հոսպիտալացվել է, երկու մարդու մոտ առաջացել է հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշ, լուրջ առողջական խնդիր, որը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության։

Առողջապահության դաշնային մարմինները նախազգուշացրել են բռնկման մասին երեքշաբթի, եւ McDonald's-ը հանել է այդ արտադրանքն իր 13 000 խանութներից ԱՄՆ-ում, ներառյալ ռեստորանները Կոլորադոյում, Քանզասում, Յութայում, Վայոմինգում եւ Այդահոյի, Այովայի, Միսուրիի, Մոնտանայի, Նեբրասկայի, Նեւադայի, Նյու Մեքսիկոյի եւ Օկլահոմայի որոշ շրջաններում, տեղեկացրել է CBS News-ը։

Առողջապահության ներկայացուցիչների տվյալներով՝ հիվանդությունն սկսվել է սեպտեմբերի 27-ին, իսկ վերջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 10-ին։

McDonald's-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ McDonald's-ը վաճառել է մոտ 1 մլն կոտլետ՝ ավելացնելով, որ արագ սննդի ռեստորանների ցանցը կարծում է, որ ավելի շատ մարդիկ կհիվանդանային, եթե վարակումը կապված լիներ հենց կոտլետների հետ, եւ որ պատճառը կարող է լինել սոխը, որն օգտագործվել է բուրգերներում։ McDonald's-ի ներկայացուցիչը նշել է, որ բուրգերները պատրաստվում են 175 աստիճանի տակ, ինչը 160 աստիճանով բարձր է աղիքային ցուպիկի բակտերիաների ոչնչացմանն անհրաժեշտ ջերմաստիճանից, իսկ սոխն օգտագործվում է հում։

Քննիչները շարունակում են աշխատանքը, որպեսզի հաստատեն՝ սո՞խն է պատճառը, թե՞ տավարի մսով կոտլետը։

Նախնական եզրակացությունները ցույց են տալիս, որ հավանական աղբյուրը կտրատված սոխն է։ Սննդամթերքների եւ դեղամիջոցների սանիտարական վերահսկման վարչությունը նույնպես աշխատում է՝ պարզելու համար վարակի պատճառը։