Մեծ Բրիտանիայի կառավարությունը պաշտոնապես գործողության մեջ է մտցրել օրենք, որն արգելում է մեկանգամյա վեյփերի վաճառքը Անգլիայում, Շոտլանդիայում եւ Ուելսում 2025թ. հունիսի 1-ից, տեղեկացրել է News Medical Life Sciences-ը։

Նոր օրենքն ուղղված է կարեւորագույն խնդիրների լուծմանը՝ կապված մեկանգամյա վեյփերի հետ, որոնք լայնորեն հասանելի են եւ դառնում են ավելի տարածված երիտասարդության շրջանում։ Կառավարության հետազոտությունները ցույց են տալիս, որ 11-15 տարեկան դեռահասների մեկ քառորդը Մեծ Բրիտանիայում անցած տարի օգտվել է վեյփից, ընդ որում՝ նրանք նախընտրել են մեկանգամյա վեյփերը։

Արգելելով դրանք՝ կառավարությունը փորձում է կրճատել երիտասարդության համար նիկոտինի հասանելիությունը եւ լուծել նիկոտինային կախվածության աճող խնդիրը բնակչության խոցելի խմբերում։ Արգելքն ուղղված է նաեւ շրջակա միջավայրի վրա աճող բեռնվածության դեմ, որն ստեղծում են մեկանգամյա վեյփերը։

Անցած տարի Մեծ Բրիտանիայի տնային տնտեսություններն ամեն շաբաթ դեն են նետել մոտ հինգ միլիոն մեկանգամյա վեյփեր, ինչը հանգեցրել է մեծ քանակությամբ թափոնների, որոնք դժվար է վերամշակել։ Յուրաքանչյուր դեն նետված էլեկտրոնային սիգարետ պարունակում է լիթիում, պլաստիկ եւ այլ թունավոր նյութեր, ինչպիսին է սնդիկը, որոնք հայտնվում են շրջակա միջավայրում  եւ աղտոտում ջրային ուղիներն ու հողը։ Բացի այդ, Լիթիում-իոնային կուտակիչները, որոնք պարունակվում են վեյփերում, վտանգավոր են նրանով, որ կարող են հրկիզվել աղբի գործարաններում եւ աղբավայրերում, որտեղ դրանք հաճախ վերածվում են սովորական թափոնների։