Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի քարտուղարությունը մասնակից-երկրներին կոչ է արել կա՛մ արգելել էլեկտրոնային սիգարետները եւ առանց ծխի ծխախոտային այլ ապրանքները, կա՛մ խստացնել նման ապրանքների շրջանառության վերահսկողության վերաբերյալ օրենսդրությունը:

«Մենք կողմերին կոչ ենք անում կա՛մ արգելել, կա՛մ վերահսկել նման արտադրանքը՝ ինչպիսի կատեգորիայի ներքո էլ այն լինի. ծխախոտային ապրանքներ, բժշկական արտադրանք եւ այլն: Այս ամենը մարդու առողջությունը պաշտպանելու համար է»,- լրագրողներին ասել է քարտուղարության ղեկավար Կոստա դե Սիլվան:

Նրա խոսքով՝ համաժողովի բոլոր մասնակիցները սատարում են առանց ծխի ծխախոտային ապրանքների շրջանառության խստացումը եւ ծրագրում են զեկույցներ պատրաստել այդ ոլորտում հաջողությունների մասին՝ կոնվենցիայի հաջորդ նստաշրջանին ներկայացնելու համար:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ԱՀԿ-ի Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների համաժողովի վեցերորդ նստաշրջանն անցկացվում է Մոսկվայում, հոկտեմբերի 13-18-ը: Մասնակցում են 195 երկրների ավելի քան հազար ներկայացուցիչներ: Նստաշրջանի աշխատանքին մասնակցում է նաեւ Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: