Կրծքագեղձի քաղցկեղի դեմ Պալբոցիկլիբ (Palbociclib) դեղամիջոցը կարող է միանգամայն արդյունավետ լինել կույր աղիքի ուռուցքների բուժման համար: Դա ցույց է տվել Journal of Clinical Oncology (JCO) հանդեսում հրապարակված հետազոտությունը։
Որովայնամիզի ուռուցքը (պերիտոնիալ մուցինոզ կանցերոմատոզը) քաղցկեղի ձև է, որը կարող է վնասել կույր աղիքը և հաճախ կայուն է ստանդարտ քիմիաթերապիայի նկատմամբ: Այս հիվանդությունը կազմում է աղեստամոքսային տրակտի բոլոր քաղցկեղների 1%-ից պակասը: ԱՄՆ-ում, օրինակ, տարեկան 2000-ից քիչ դեպք է հայտնաբերվում։
Նոր հետազոտությանը մասնակցել են այդ ուռուցքից տառապող 16 հիվանդ: Նրանցից շատերը նախկինում անհաջող այլ բուժումներ են ստացել։ Գիտնականները վերլուծել են հիվանդների մուտացիաները և պարզել, որ GNA գենի մուտացիաներով ուռուցքները Պալբոցիկլիբ դեղամիջոցին լավ են արձագանքում: Այս խմբի հիվանդների 80%-ի շրջանում ուռուցքին առնչվող արյան մարկերների մակարդակը նվազել է:
Լաբորատոր արդյունքները միաժամանակ ցույց են տվել, որ դեղամիջոցը քաղցկեղի բջիջների տրոհումը դանդաղեցրել կամ կասեցրել է։ Պալբոցիկլիբը կարող է հաճախ ծանր կողմնակի ազդեցությունների պատճառ դարձող քիմիաթերապիային այլընտրանք լինել: Այն ավելի քիչ լրացուցիչ հետազոտություն կպահանջի, քանի որ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար արդեն իսկ հաստատված դեղամիջոց է:






