Հետազոտությունները ցույց են տալիս, որ սեռական հասունացման ժամանակ դեռահասի կյանքը բառացիորեն նմանվում է շինհրապարակի՝ ոչ միայն մարմինը, այլև ուղեղն ամեն օր փոխվում է, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

Շարժումն օրգանիզմում սկսվում է այսպես կոչված գոնադոտրոպիններից՝ հիպոֆիզի գեղձում արտադրվող և սեռական գեղձերի աճ առաջացնող հորմոններից, որոնք էլ իր հերթին նպաստում են «իսկական» սեռական հորմոնների արտադրությանը:

Այն ենթադրությունը, թե աղջիկները սկսում են արտազատել միայն կանացի հորմոններ, իսկ տղաները՝ միայն արական հորմոններ, հնացած է։ Այսօր գիտենք, որ սեռական հասունացումը երկու խմբերում էլ առաջանում է հորմոնների երկու խմբերից: Հարաբերակցությունը փոխվում է արդեն սեռական հասունացման շրջանում՝ աղջիկների շրջանում գերակշռում են էստրոգենները, տղաների շրջանում՝ տեստոստերոնը։ Բայց անկախ սեռից, այն ֆիզիկական և մտավոր փոփոխություններ է առաջացնում, որոնք բացատրում են տրամադրության փոփոխություններն ու դյուրագրգռությունը: Սակայն ավելի վաղ սեռական հասունացման միակ պատճառը հորմոնները չեն:

Ինչպես ցույց է տալիս մետավերլուծություններից մեկը՝ 2013-ին աղջիկների սեռական հասունացումը միջինը մեկ տարի շուտ է սկսվել, քան 1977-ին: Նույնը վերաբերում է տղաներին, թեև հետազոտության արդյունքներն այստեղ այնքան էլ պարզ չեն։ Միևնույն ժամանակ, աղջիկների առաջին դաշտանի սկիզբը մնացել է մոտավորապես անփոփոխ. 1960-ականներից ի վեր Եվրոպայում երիտասարդ կանայք այն ունեցել են մոտ 13 տարեկանում, իսկ Գերմանիայում՝ միջինը 12,8 տարեկանում: Դրա մասին Deutsche Welle-ի հետ զրույցում հայտնել է Գերմանիայի Բոննի համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Բետինա Գոլկեն։ ավելի երկար ժամանակահատված համեմատելու դեպքում 19-րդ դարում աղջիկների դաշտանը սկսվել է մոտ 17 տարեկանից։ Այն, որ այսօր դա տեղի է ունենում շատ ավելի վաղ, կարող է պայմանավորված լինել կանանց կենսամակարդակի բարձրացմամբ. նրանք բավականաչափ ուժեղ են դարձել ավելի վաղ ծննդաբերելու և երեխաներին խնամելու համար, ենթադրում է Բետինա Գոլկեն:

«Սակայն սեռական հասունացումը սկսվում է ոչ թե առաջին դաշտանից, այլ ավելի վաղ՝ կրծքի աճից»,- նշում է բժիշկը։

Տղաների շրջանում սեռական հասունացումը աղջիկներից փոքր-ինչ ուշ է սկսվում, մոտավորապես տասներկու տարեկանում: Սկզբում աճում են ամորձիները, ամորձապարկ և ցայլքի մազերը, այնուհետև՝ առնանդամը։ Մոտ 13 տարեկանում տղաների մեջ աճի արագություն է նկատվում, որը կարող է տևել մի քանի տարի, և նրանց ձայնը փոփոխության է ենթարկվում: Մեծամասնության շրջանում 15 տարեկանում արդեն տեղի է ունենում առաջին սերմնաժայթքումը, մարմնի և դեմքի վրա աճում են առաջին մազերը, զարգանում են քրտինքի գեղձերը և ձևավորվում են հասուն սերմնաբջիջներ։ Մարդկանց մեծամասնության շրջանում սեռական հասունացումն ավարտվում է 16 տարեկանում:

Ուրիշ ի՞նչն է ազդել նրան, որ այս պահն ավելի վաղ շրջան է տեղափոխվել։ Ենթադրությունները շատ են, բայց ոչ բոլորն է հնարավոր ապացուցել։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելորդ քաշ ունեցող երեխաների սեռական հասունացումն ավելի վաղ է տեղի ունենում: Ճարպային հյուսվածքն ավելի շատ լեպտին է արտադրում՝ երեխայի աճը և սեռական զարգացումը անուղղակիորեն կարգավորող հորմոնը։ Այն փաստը, որ երեխաներն ավելի քիչ են շարժվել և ավելի գիրացել արգելափակման ժամանակ, կարող է պատճառներից մեկն լինել, որ COVID-19 համավարակի ընթացքում սովորականից զգալիորեն ավելի շատ աղջիկներ են այսպես կոչված վաղաժամ սեռական հասունություն (pubertas praecox) վերապրել: Նշվել է, որ արտաքին սեռական հատկանիշները սկսել են զարգանալ ինը տարեկանից ցածր աղջիկների, իսկ տասը տարեկանից ցածր՝ տղաների շրջանում։

«Բացի դրանից, այն ժամանակ ամբողջ կենսակերպը փոխվեց, օրինակ՝ ցերեկային ու գիշերվա ռիթմը, ինչի պատճառով երեխաները մեծ հոգեսոցիալական սթրես ապրեցին և սկսեցին ավելի շատ նստեցին համակարգչի առաջ։ Իսկ կապույտ լույսը, ինչպես ցույց են տվել կենդանիների վրա կատարված հետազոտությունները, ազդում է հորմոնների վրա»,-ասում է վաղաժամ սեռական հասունացման միտումը հետազոտած Բետինա Գոլկեն: Սակայն այժմ, ըստ նրա, իրավիճակը նախկին մակարդակին է վերադառնում։