Չինացի բժիշկների թիմը կրծքագեղձի քաղցկեղի հետազոտության համար արհեստական բանականության վրա հիմնված ինֆրակարմիր ջերմագրության (AI-IRT) համակարգ է մշակում, որն օգտատերերին հնարավորություն է տալիս հավելվածի միջոցով հեշտությամբ ստուգել քաղցկեղի ռիսկի մակարդակը՝ պարզապես իրենց սմարթֆոններին միացնելով ինֆրակարմիր տեսախցիկները, գրում է Xinhua-ն:
Ըստ հետազոտական թիմի հիմնական անդամներից մեկի՝ Պեկինի «Սեհե» հիվանդանոցի կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ Սուն Ծիանգի՝ համակարգը բաղկացած է ինֆրակարմիր տեսախցիկից, արհեստական բանականության ալգորիթմից և տվյալների մշակման մեծ հարթակից:
Միացնելով ինֆրակարմիր տեսախցիկներն իրենց սմարթֆոններին՝ օգտատերերը կարող են դրանք օգտագործել՝ իրենց կրծքի ջերմային պատկերները նկարելու համար: Ստացված պատկերները վերբեռնվում են բջջային հավելվածում, ավտոմատ կերպով մշակվում արհեստական բանականության ալգորիթմի միջոցով և այնուհետև ներկայացվում որպես քաղցկեղի տարբեր մակարդակներ ցուցադրող տվյալներ:
Հետազոտական թիմն ակնկալում է, որ համակարգը ավելի հարմար, ճշգրիտ և ծախսարդյունավետ լուծում կտա չինացի կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի նախակլինիկական զննման համար: Ներկայում կրծքագեղձի ինքնազննումը նախակլինիկական զննման հիմքն է, սակայն կանանց մեծամասնությունը կանոնավոր կերպով չի կատարում այս պրոցեդուրան կամ այն սխալ է անում:
Կրծքագեղձի քաղցկեղը Չինաստանում կանանց առողջության հիմնական խնդիրներից մեկն է: 2022 թվականին Չինաստանը հայտնել է կրծքագեղձի քաղցկեղի 357 հազար 200 նոր դեպքի մասին, որը երկրորդն է չարորակ ուռուցքով տառապող կանանց շրջանում տարածված հիվանդությունից այդ տարի և դարձել է 75 հազար կանանց մահվան պատճառ:
«Վաղ զննումն ու ախտորոշումը այս հիվանդության բուժման բանալին են»,-ընդգծել է Սուն Ծիանգը:
Հիմնական կլինիկական սքրինինգի եղանակների համեմատ, ինչպիսին են ուլտրաձայնային հետազոտությունը, մամոգրաֆիան և մագնիսա-ռեզոնանսային շերտագրումը (MRI), AI-IRT համակարգը որպես լայնածավալ նախակլինիկական սքրինինգի եղանակ ոչ ինվազիվության, ճառագայթման, արագության և հասանելիության առավելություններ ունի: IRT-ն միաժամանակ արդյունավետ եղանակ է համարվում կոշտ կրծքի հայտնաբերման համար, որոնք առավել հաճախ հանդիպում են ասիացի կանանց շրջանում։
«Սա չինական լուծում է չինացի կանանց կրծքագեղձի քաղցկեղի նախակլինիկական սքրինինգի համար»,-ասում է Պեկին Սիեհե հիվանդանոցի Կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Չժոու Իդունգը:
Հիմնվելով իրենց ընթացիկ արդյունքների վրա՝ հետազոտողները հույս ունեն ապագայում AI-IRT համակարգը ներկայացնել լայն հանրությանը՝ տներում և համայնքային առողջապահական կենտրոններում օգտագործելու համար՝ վերացնելով հիվանդանոցներում նախօրոք նշանակումներ կատարելու և կլինիկական հետազոտություններին օրերով սպասելու անհրաժեշտությունը:
Վերոնշյալ բաժանմունքի բժիշկներից մեկը՝ Վանգ Սյուեֆեյը, որը միաժամանակ հետազոտական թիմի հիմնական անդամներից է, նշում է, որ թեև հետազոտության արդյունքները հետագա հաստատման համար պահանջում են ավելի բարձրորակ հեռանկարային հետազոտություններ, կասկած չկա, որ AI-IRT համակարգն կիրառման հսկայական պոտենցիալ արժեք ունի:






