Ինձ համար 2025 թվականի ՀՀ առողջապահության նախարարության հաստատված բյուջեն որոշակի առումով  խնդրահարույց է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մեր միջնաժամկետ ծախսերի շրջանակում մենք 2025-ին արդեն նախատեսել էինք համապարփակ առողջապահական ապահովագրության առաջին փուլի մեկնարկը, որը պետք է ընդհանուր առմամբ, շրջանակը պահպանելով ապահովեինք 218 մլրդ դրամի շրջանակներում: Սակայն, ինչպես նշվեց, ֆիսկալ շրջանակի սահմանափակ լինելու հետ կապված ապահովագրության հատվածը, ըստ էության, դուրս է եկել: Դրանից հետո մենք ֆինանսների նախարարության հետ կքննարկենք ապահովագրությունը հանելուց հետո այս ծրագրերի բաշխվածությունը:

Մենք ամեն տարի ունենում ենք խնդիր, որ մի ծրագրով դիմելիության աճի ֆոնին պետք է լինում վերաբաշխումներ իրականացնել, եւ դրա ընթացքը երկար է լինում՝ 2-3 ամիս: Սա անտեղի խնդիրներ է հարուցում, որովհետեւ այուամենայնիվ ֆինանսավորում ենք: Հիմա մենք առաջարկում ենք, որ չունենանք բազմաթիվ ծրագրեր ֆինանսավորման մասով, բայց պահպանենք արդյունքային ցուցանիշները»,-ասաց նախարարը:

«Ինձ համար 2025 թվականի ՀՀ առողջապահության նախարարության հաստատված բյուջեն որոշակի առումով  խնդրահարույց է: Ցավոք սրտի, 2022 թվականին առողջապահության ծախսերը եղել են ՀՆԱ–ի 1.5 %-ի շրջանակներում, 2023 թվականին այն դարձել է 1.6 %, իսկ 2025 թվականի բյուջեով վերադարձել ենք 1.5 %-ի շրջանակներ։ Մենք կարծում ենք, որ որպես առաջնահերթություն, բյուջեն չի արտահայտում մեր դիրքորոշումը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Հիշեցնենք` ՀՀ Առողջապահության նախարարության բյուջեն 2025 թվականին կլինի 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի բյուջեով նախատեսված գումարից։