Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուղեղի աշխատանքի խթանման համար նախատեսված սարքը, որը կարելի է կրել տանը և որը լիցքավորում է ուղեղը 9 վոլտանոց մարտկոցի էներգիայով, կարող է օգնել թեթևացնել դեպրեսիայի ախտանիշները:

Հետազոտությունը, որը հրապարակվել է Nature Medicine ամսագրում, ցույց է տվել, որ առնվազն միջին ծանրության դեպրեսիա ունեցող 87 մեծահասակների մոտ, որոնք օգտագործել են այս սարքը 10 շաբաթ, դեպրեսիվ ախտանիշներն ավելի են մեղմացել, քան մյուս 87-ի մոտ, որոնք նույն 10 շաբաթվա ընթացքում օգտագործել են նմանատիպ, սակայն չակտվացված սարքը։  

Ավելին, ակտիվ բուժում ստացող խմբում երկու անգամ ավելի շատ մարդիկ են հայտնել դեպրեսիվ ախտանիշների ռեմիսիայի մասին, քան պլացեբո խմբի մարդիկ՝ 45%՝ 22%-ի դիմաց:

«Ռեմիսիան նշանակում է, որ նրանք այլևս ակտիվ տրամադրության նոպաներ չունեն», - ասում է դոկտոր Ռոդրիգո Մաչադո-Վիեյրան, հոգեբույժ, որը ղեկավարում է Հյուսթոնի UTHealth-ի փորձարարական թերապիայի ծրագիրը, որը հետազոտության համար հիվանդներ հավաքագրող կենտրոններից մեկն էր:

Այլ կերպ ասած, եթե հիվանդները, որոնք սարքի շնորհիվ ռեմիսիայի էին հասել, իրենց ախտանիշների մասին հարցաթերթիկ լրացնեին, նրանք կարող էին հայտնել որոշ, թերևս, քնի կամ տագնապի հետ կապված խնդիրների մասին, բայց նրանց գնահատականը բավականաչափ բարձր չէր լինի իրենց վիճակը կլինիկական դեպրեսիա որակավորելու համար, պարզաբանել է նա։

Սարքը հասանելի է Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում, Հոնկոնգում և ԵՄ երկրներում: Այն արտադրում է շվեդական Flow Neuroscience ընկերությունը, որը հայտարարել է, որ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունից թույլտվություն ստանալու վերջին փուլում է՝ ԱՄՆ-ում դեպրեսիան բուժելու սարքը վաճառելու համար: