Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սեռահասունացումը կարեւոր դեր է խաղում երիկամների առողջության ձեւավորման հարցում դեռահաս աղջիկների մոտ՝ ի հայտ բերելով անսպասելի շարժ, երբ երիկամներն արձագանքում են վնասվածքներին։ Հայտնի է, որ էստրոգենը պաշտպանում է երիկամները մեծահասակ կանանց մոտ, բայց սեռահասունացումը կարող է բարձրացնել երիկամների վնասման հավանականությունը դեռահաս աղջիկների մոտ։ Սա հարցեր է բարձրացնում այն մասին, թե ինչպես են սեռական հորմոններն ազդում երիկամների առողջության վրա ողջ կյանքի ընթացքում։

Երիկամների հիվանդությունը լուրջ խնդիր է առողջության համար, եւ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ էստրոգենը պաշտպանական ազդեցություն է գործում։ Սակայն կլինիկական դիտարկումները եւ կենդանիների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ սեռահասունացման շրջանում երիկամների ֆունկցիան որոշ մարդկանց մոտ կարող է վատանալ։ Ճապոնացի հետազոտողները հաստատել են, որ արագ աճի եւ հորմոնալ փոփոխությունների շրջանը դեռահաս տարիքում կարող է երիկամներն ավելի խոցելի դարձնել իշեմիկ վնասվածքների հանդեպ, որն առաջանում է, երբ երիկամները զրկվում են թթվածնի հասանելիությունից։ Արդյունքները հրապարակվել են Kidney International ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են հարցը մկների մոդելի վրա կանանց սեռական հորմոնների ազդեցությունը գնահատելու համար։ Նրանք հեռացրել են ձվարանները, որպեսզի կանգնեցնեն մկների մոտ հորմոնների արտադրությունը կյանքի տարբեր փուլերում, հետո առաջացրել են իշեմիկ վնասվածք, որպեսզի չափեն երիկամների արձագանքը։ Նրանք հայտնաբերել են, որ մկները, որոնց հորմոնների արտադրությունը դադարեցվել է մինչեւ սեռահասունացումը, ավելի լավ են պաշտպանված եղել երիկամների վնասումից, քան մկները, որոնց մոտ նկատվել է սեռական հորմոնների արագ աճ։ Բայց առաջին խմբի մկները մեծ տարիքում, օրինակ՝ դաշտանադադարի ընթացքում, ավելի խոցելի են դարձել երիկամների վնասման հանդեպ, քան այն մկները, որոնց մոտ սեռական հորմոնների արտադրումը մնացել է նորմալ։

Հետազոտության կարեւոր բացահայռումներից մեկը կապված է որպես աճի ինսուլինանման գործոն-1-ի (IGF-1R) ռեցեպտոր հայտնի սպիտակուցի հետ, որը կարեւոր է հյուսվածքների աճի համար։ Հետազոտողները հայտնաբերել են, որ IGF-1R-ի մակարդակը երիկամներում նվազել է սեռահասունացման շրջանում, իսկ այդ մակարդակը մնացել է ավելի բարձր մկների երիկամներում, որոնց մոտ հորմոնների արտադրումը դադարեցվել է։ Մկները, որոնց մոտ բացակայել է Igf-1r գենը, ավելի ընկալունակ են եղել իշեմիկ վնասվածքների հանդեպ։ Այս տվյալները վկայում են, որ IGF-1R-ի ակտիվ մասնակցությունը ազդանշանների փոխանցմանը հետնատալ աճի ժամանակ օգնում է պաշտպանել այն մկների երիկամները, որոնք չեն ենթարկվել հորմոնալ փոփոխության սեռահասունացման ժամանակ։