Ռոբոտները երբեք լիովին չեն փոխարինի վիրաբույժին, ասում է ռուսաստանցի հայտնի սրտաբան, ՌԴ առողջապահության նախարարության Ա. Ն. Բակուլյովի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական ​​կենտրոնի նախագահ Լեո Բոկերիան: Դրա մասին նա հայտարարել է վերջերս Մոսկվայում անցկացված «Ստեղծելով ապագան» ֆորումի մամուլի մոտեցման ժամանակ։

Նա հավելել է, որ ռոբոտներն ու արհեստական ​​բանականությունը կարող են բարձրորակ օգնականներ լինել և օգնել մասնագետներին, ինչպես ժամանակին եղավ մեքենաների և համակարգիչների դեպքում։ «Վստահ եմ, որ արհեստական ​​բանականությունը կգտնի իր տեղը, և այն կկիրառվի, նոր սարքավորումներ էլ կհայտնվեն»,-ասել է նա։

Վիրաբույժը նշել է, որ ներկայում սրտանոթային վիրաբուժության համար մեծ մարտահրավերներ չկան, քանի որ առկա տեխնիկան և սարքավորումները հնարավորություն են ընձեռում բուժել ցանկացած հիվանդություն։ «Ես խոսում եմ ոչ թե ուռուցքաբանության, այլ սրտանոթային հիվանդությունների մասին: Ուրիշ բան, որ երբեմն մարդիկ այն աստիճան բարձիթողի վիճակի են հասցնում սեփական առողջությունը, որ ստիպված ես լինում արհեստական ​​սիրտ կամ դոնորային սիրտ փոխպատվաստել: Այ հենց դա  չպետք է թույլ տալ, իսկ մնացած ամեն ինչ կարելի է տարրական ձևով և շատ լավ արդյունքներով բուժել: Կատարելապես զարգացած է արյան արհեստական ​​շրջանառությունը, անթերի մշակված է անեսթեզիոլոգիան։ Հիանալի է մշակվել հետվիրահատական ​​փուլը»,-ասում է բժիշկը։

Լեո Բոկերիան հիշեցրել է, որ ժամանակին ԽՍՀՄ-ում ստեղծվել են առաջին արհեստական ​​արյան շրջանառության սարքերը, և ներկայում Ռուսաստանում սրտի վիրահատության բարձր մակարդակը պահպանվում է։ Եվ ամբողջ աշխարհում բժշկության այս ոլորտն ամենազարգացածներից է. կատարվում են բոլոր տեսակի վիրահատություններ, ներառյալ՝ սրտի փոխպատվաստում։

Պատասխանելով հարցին, թե արդյոք մարդկությունը կհասնի՞ բժշկության այնպիսի մակարդակի, որ հրաժարվի սրտի փոխպատվաստումից, սրտային վիրաբույժը նշեց, որ առայժմ դա միայն «երևակայություն» է։ «Այո, դա ֆանտազիա կլինի, քանի որ մարդ ինչպիսին էլ որ լինի, մի մարդ ամեն ինչ ժամանակին է անում, մինչդեռ մյուսն անում է ամենավերջում։ Հետևաբար, փոխպատվաստման թեման միշտ հրատապ կլինի: Սա մեկ, երկրորդ՝ մարդը ծնվում է սրտի բնածին այնպիսի արատով, որը վիրահատական ​​միջամտությամբ անհնար է շտկել, այդ դեպքում փոխպատվաստումից բացի ոչինչ անել չի լինի»,-ասում է բժիշկը։

«Ապրելու արվեստի գաղտնիքն», ըստ Բոկերիայի, «ուրախության» մեջ է, ցավին ու անհաջողությանը դիմակայելու ունակության և մարդկային որակները պահպանելու մեջ: «Ամենակարևորն այն է, որ մարդը կրթված լինի, իսկ դա մեզանում լիովին բավարարում է և շատ բարձր մակարդակի վրա է: Փորձեք այնպես անել, որ ձեր երեխաները կրթված լինեն, որ նրանք անպայման բարձրագույն կրթություն ստանան, կարևոր չէ՝ ինչ մասնագիտությամբ: Եվ այդ ժամանակ նրանք կսիրեն կարդալ, գեղարվեստական ​​կերպարներ կմտապահեն, դա բոլորովին ուրիշ մարդ կլինի»,- նշել է ականավոր վիրաբույժը։