Յանանի համալսարանին առընթեր բժշկական դպրոցի բժիշկ-հետազոտողների և բնապահպանների թիմը կապ է հայտնաբերել ինքնաբուխ վիժումների և հղիների նկատմամբ օդի աղտոտվածության որոշակի տեսակների ազդեցության միջև:
Իրենց հետազոտության մեջ, որը հրապարակվել է Scientific Reports հանդեսում, թիմը երկու տարվա ընթացքում վիժումների և օդի աղտոտվածության վիճակագրությունը համեմատել է չինական քաղաքներից մեկում: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ հղիության ընթացքում ազոտի երկօքսիդի ազդեցությունը կարող է հանգեցնել վիժման մեծացման, թեև հայտնի չէ, թե ինչու: Այս նոր հետազոտության ընթացքում հետազոտողներն օդի աղտոտվածության ազդեցության և վիժման միջև կապի մասին ավելի շատ տեղեկություն են իմացել:
Գիտնականներն ուսումնասիրել են Բաոցզի քաղաքի օդի որակի մոնիտորինգի կայանների հավաքած տվյալները։ Հայտնի է, որ քաղաքն ունի օդի աղտոտվածության բարձր մակարդակ, հիմնականում այն պատճառով, որ մարդիկ ձմռանը տաքանալու համար իրենց տներում ածուխ են վառում:
Հայտնի է նաև, որ աղտոտվածության մակարդակը տարվա ընթացքում կտրուկ փոխվում է՝ կախված եղանակային պայմաններից: Ձմռանը և գարնանը ավելի շատ ածուխ է այրվում, քան ամռանը և աշնանը, ինչն արտանետումների և օդի աղտոտվածության միջև կապը ստուգելու համար քաղաքն իդեալական թեկնածու է դարձնում: Հետազոտական թիմը քաղաքում 2017-2019 թվականներին վիժումների թվի վերաբերյալ տվյալներ է հավաքել։ Գիտնականները պարզել են, որ 770 հղիությունից 154-ն ավարտվել է վիժմամբ։ Նրանք միաժամանակ պարզել են, որ ձմռանը և գարնանը, երբ օդի աղտոտվածությունն ամենաշատն է, շատ ավելի շատ վիժումներ են գրանցվել, քան ամռանը և աշնանը:
Գիտնականները չեն կարողացել բացատրել, թե ինչու օդի աղտոտվածությունը կարող է հանգեցնել վիժման, սակայն նշել են, որ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ օդի աղտոտվածության որոշ տեսակներ կարող են հանգեցնել բորբոքման: Նրանք նաև նշում են, որ Բաոցզիում օդի աղտոտվածությունը բնութագրվում է ծծմբի երկօքսիդի, մանր մասնիկների և ազոտի երկօքսիդի բարձր մակարդակով։ Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ նման աղտոտիչների ազդեցությունը կարող է հանգեցնել կյանքի տևողության կրճատման, ինչպես նաև սրտի և թոքերի հիվանդությունների:
Գիտնականները կասկածում են, որ վիժումների աճի պատճառն օդի մանր մասնիկներն են. հայտնի է, որ դրանք բորբոքում և հյուսվածքների վնաս են առաջացնում:






