Թռչնագրիպով վարակված պատանին ծայրահեղ վիճակում է, նա գտնվում է Բրիտանական Կոլումբիայի մանկական հիվանդանոցում։ Նրա մոտ հայտնաբերվել է Կանադայում թռչնագրիպով մարդու վարակվելու առաջին դեպքը, տեղեկացրել է Reuters-ը։

«Մինչ այդ նա առողջ դեռահաս էր, ուստի ոչ մի ուղեկցող հիվանդություն նա չի ունեցել,- ասել է նահանգի առողջապահության ներկայացուցիչ Բոնի Հենրին երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում։- Սա մեզ պարզապես հիշեցնում է այն մասին, որ երիտասարդների մոտ այդ վիրուսը կարող է զարգանալ եւ առաջացնել բավական ծանր հիվանդություն, իսկ վատթարացումը, որի մասին հիշեցրի, բավական արագ էր»։

Բրիտանական Կոլումբիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչները շաբաթ հայտնել են, որ նահանգում հայտնաբերվել է H5 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը Կանադայում։ Հենրին ասել է, որ նահանգը դեռ փորձում է պարզել շտամը, բայց ենթադրում է, որ դա H5N1-ն է։  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավաստիացնում է, որ H5N1-ով վարակվելու վտանգը մարդու համար մեծ չէ, քանի որ չկա որեւէ վկայություն մարդուց մարդուն վիրուսի փոխանցման մասին, բայց վիրուսը հայտնաբերվում է ավելի մեծ թվով կենդանիների շրջանում, ներառյալ խոշոր եղջերավոր ասնասունները, Միացյալ Նահանգներում։ Հենրին չի նշել պատանու տարիքը, բայց ասել է, որ առաջին ախտանշանները հայտնվել են նոյեմբերի 2-ին, իսկ նոյեմբերի 8-ին, երբ նա հոսպիտալացվել էր, նրան զննման են ենթարկել։

Ախտանշանները ներառել են կոնյունկտիվիտը, տենդը եւ հազը։ Նրա խոսքով՝ երեքշաբթի տղան հոսպիտալացվել է սուր շնչառական դիսթրես-համախտանիշով։

Հենրիի խոսքով՝ դեռահասը չի շփվել կենդանիների հետ ֆերմայում, բայց շփվել է շների, կատուների եւ սողունների հետ։ Վարակի աղբյուրը չի հայտնաբերվել։

Մարտից թռչնագրիպով վարակվել է մոտ 450 կաթնային ֆերմա ԱՄՆ 15 նահանգներում, իսկ ապրիլին Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) պարզել է թռչնագրիպով մարդկանց հիվանդանալու 46 դեպք։

Կանադայում չի գրանցվել կաթնատու կենդանիների վարակման դեպք, եւ կաթի նմուշներում չեն հայտնաբերվել թռչնագրիպի նշաններ։