Կոպենհագենի համալսարանի դանիացի գիտնականները ստեղծել են սպեղանի փսորիազի եւ մաշկի այլ բորբոքային հիվանդությունների ավելի արդյունավետ բուժման համար։ Հետազոտությունը հրապարակվել է Biomaterials Advances (BioMatAdv) գիտական ամսագրում։

Փսորիազն աշխարհում ամենատարածված մաշկի հիվանդություններից է։ Այն ի հայտ է գալիս որպես կարմիր ցան սպիտակ թեփով, որոնք կարող են տարբերվել ձեւով, չափով եւ ախտանշանների ծանրությամբ։

Սպեղանին պարունակում է երկու ակտիվ բաղադրիչ եւ դրանք մաշկին հաղորդում է տարբեր արագությամբ։

Սալիցիլաթթուն ազդում է անմիջապես, որպեսզի վերացնի մահացած բջիջները, որոնք կուտակվել են էպիդերմիսում։ Հիդրոկորտիզոն հակաբորբոքային միջոցը ավելի երկարատեւ ազդեցություն ունի։

«Մենք թեստավորել ենք նախատիպը խոզի մաշկի եւ մարդու մաշկի բջիջների վրա եւ արդյունքները համեմատել քսուքների եւ նրբաքսուքների հետ, որոնք հասանելի են դեղատներում, եւ մեր հետազոտությունները ցույց են տվել, որ սպեղանին նույնքան արդյունավետ է, որքան բուժման ստանդարտ մեթոդները»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Աննա-Լենա Գյուրթլերը։

Սպեղանին պատրաստելու համար գիտնականներն օգտագործել են էլեկտրահյուսվածքը՝ նանոմազիկների ստեղծման մեթոդը պոլիմերային լուծույթից բարձր լարման ազդեցության տակ։

Մասնագետների խոսքով՝ միջոցը նաեւ կարող է արդյունավետ լինել վերքերի ապաքինման եւ մաշկի այլ բորբոքային հիվանդությունների բուժման համար, ներառյալ ատոպիկ դերմատիտը։