ԼոնդոնիՍիթի Սենթ Ջորջի համալսարանի հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Ultrasound in Obstetrics and Gynecology ամսագրում, սրտի բնածին անոմալիայով ծնված երեխաների թիվը համավարակի առաջին տարվանից հետո ավելացել է 16 տոկոսով։
Սրտի արատները անոմալիաների ամենատարածված տեսակն են, որոնք առաջանում են մինչեւ երեխայի ծնվելը։ Դրանց թվին են պատկանում երեխայի սրտի փականների, սրտի ներսում եւ դրա շուրջ խոշոր արյունատար անոթների արատները, ինչպես նաեւ սրտում խոռոչների առաջացումը։ 2016թ. դեկտեմբեր – 2022թ. նոյեմբեր ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են ավելի քան 18 մլն ծնունդների տվյալները, որոնք ստացվել են ԱՄՆ-ում Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններից՝ գնահատելու համար համավարակի ազդեցությունը սրտի բնածին արատներով ծնված երեխաների թվի վրա։ Նրանք մինչեւ COVID-19-ի համավարակը (2016թ. դեկտեմբերի 1 - 2019թ. նոյեմբերի 30) յուրաքանչյուր ամսվա համար սրտի բնածին արատով ծնված երեխաների թիվը համեմատել են այն երեխաների թվաքանակի հետ, որոնք ծնվել են համավարակի ժամանակ (2020թ. դեկտեմբերի 1 – 2022թ. նոյեմբերի 30)։ Հետո այդ տվյալները համեմատվել են Դաունի համախտանիշով ծնված երեխաների թվի հետ (գենետիկ հիվանդություն, որը պայմանավորված չէ վիրուսով)։ Դա պետք է օգներ պարզել, թե կարող էին արդյոք դիտարկվող տարբերություններն առաջացած լինել COVID-19-ի պատճառով, թե դրանք եղել են այլ գործոնների հետեւանք, ներառյալ նախածննդյան ծառայությունների սահմանափակ հասանելիությունը համավարակի ժամանակ։ Ուսումնասիրվել է մինչեւ համավարակը 11 010 764 եւ համավարակի ժամանակ 7 060 626 ծննդյան դեպք։
Տվյալները հաշվի են առել մոր մարմնի զանգվածի ինդեքսը, դիաբետի եւ զարրկերակային ճնշման առկայությունը մինչեւ հղիությունը, տարիքը, ծննդաբերությունների թիվը եւ սեզոնը։ Սրտի բնածին արատներով ծնունդների թիվը ավելացել է 16 տոկոսով համավարակի առաջին տարվանից հետո եւ կազմել 100 000 կենդանածնության դեպքում 65,4 դեպք մինչեւ համավարակը 56,5-ի համեմատ։
Դաունի համախտանիշով ծնվածների թիվը չի փոխվել հետազոտությունների ողջ ընթացքում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ պտղի սրտի արատների թվի ավելացումը կապված չի եղել բժշկական ծառայությունների աշխատանքի խափանումների հետ։






