Եվրամիությունը պետք է ավելին անի, որպեսզի դադարեցնի հակաբիոտիկների անհարկի օգտագործումը առողջապահության բոլոր մակարդակներում և խուսափի մանրէների դիմադրության վտանգավոր մակարդակներից: Ըստ Euronews-ի՝ դրա մասին ասված է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) հրապարակած հետազոտության մեջ։
Հակամանրէային դիմադրությունը պատասխանատու է 2019 թվականին մոտ 5 միլիոն մահվան համար, և առողջապահության փորձագետները նախազգուշացնում են, որ մինչև 2050 թվականը հակաբիոտիկների նկատմամբ կայուն վարակները կարող են ավելի քան 39 միլիոն մարդու կյանք խլել:
Մտահոգությունն է առաջացնում այն փաստը, որ բակտերիաները, վիրուսները, սնկերը և մակաբույծներն աստիճանաբար զարգանում են՝ դիմակայելու համար դեղերի ազդեցությանը, ինչի արդյունքում վարակների բուժումը գնալով ավելի դժվար է դառնում: Դիմադրության հիմնական պատճառը հակաբիոտիկների չարաշահումն է կամ սխալ օգտագործումը:
ECDC-ի վերջին զեկույցը, որը վերլուծում է հակաբիոտիկների սպառումը ԵՄ-ում 2023 թվականին, ցույց է տալիս, որ հակաբիոտիկների օգտագործումը նվազեցնելու ջանքերը ցանկալի արդյունք չեն տալիս. ԵՄ ոչ մի երկիր 2019-2023 թվականներին զգալի նվազման միտում չի ցուցաբերել:
Հակառակ որոշակի առաջընթացին, «Եվրոպան դեռևս սխալ ուղղությամբ է շարժվում»,-ասում է ECDC-ի տնօրեն Պամելա Ռենդի-Վագները:
ԵՄ անդամ 24 երկրներից, որոնք տրամադրել են տվյալներ ամբողջ ժամանակահատվածի համար, 14-ը՝ Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան, 2019 թվականի համեմատ 2023 թվականին հակաբիոտիկների ավելի բարձր մակարդակ սպառում են արձանագրել:
Զեկույցում միաժամանակ հիվանդանոցներում պահուստային հակաբիոտիկների օգտագործման աճ է նշվում. 2019 թվականի 3,4 տոկոսի համեմատ 2023 թվականին աճել է մինչև ընդհանուր սպառման 5,4 տոկոսը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում է, որ այս հակաբիոտիկները պետք է միայն որպես ծայրահեղ միջոց օգտագործվեն ՝ բազմադեղորայքակայուն օրգանիզմների կողմից առաջացած վարակների բուժման նպատակով:
Նման միտումը թերևս արտացոլում է դիմացկուն բակտերիաների բուժման ավելի մեծ անհրաժեշտությունը, բայց միաժամանակ կարող է ցույց տալ, որ ռեզերվային հակաբիոտիկների օգտագործման վերաբերյալ առաջարկությունները երկրները պետք է վերանայեն, համարում են Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնում:
Զեկույցում ընդգծվում է ԵՄ դանդաղ առաջընթացը դեպի 2030 թվականը, որն անցյալ տարի սահմանել էր Եվրոպական խորհուրդը:
Մինչև 2030 թվականը մարդու կողմից հակաբիոտիկների ընդհանուր սպառումը 2019 թվականի համեմատ պետք է կրճատվի 20 տոկոսով, ընդ որում օգտագործվող հակաբիոտիկների 65 տոկոսը «հասանելի» շարքից են, որոնք, ենթադրաբար, ավելի քիչ դիմադրողականություն կառանջացեն, նշում են Եվրամիության առաջնորդները:






