ԱՄՆ Օբերնի եւ Շվեյցարիայի Բազելի համալսարանների գիտնականները հայտնաբերել են սպիտակուցային համալիրներն ավելի կայուն դարձնելու նոր մեթոդ, որոնք կուղղվեն քաղցկեղի բջիջների դեմ։ Հայտնագործությունը քաղցկեղի ավելի արդյունավետ բուժման հնարավորություն է տալիս։ Հետազոտությունը նվիրված է PD-L1 սպիտակուցին, որն ուռուցքներն օգտագործում են իմունային համակարգից թաքնվելու համար։
Քաղցկեղի շատ տեսակների դեպքում PD-L1-ը գործում է որպես «վահան»՝ կապվելով իմունային բջիջների հետ եւ նրանց ազդանշան տալով անտեսել քաղցկեղը, ինչը թույլ է տալիս ուռուցքին աննկատ աճել։ Արգելափակելով PD-L1-ը՝ կարելի է օգնել իմունային համակարգին ճանաչել քաղցկեղի բջիջները եւ գրոհել դրանք ավելի արդյունավետորեն, տեղեկացվել է EurekAlert! գիտական պարբերականի կայքում։
Այս աշխատանքում գիտնականներն ուսումնասիրել են PD-L1-ի փոխգործակցությունը ոչ մեծ սպիտակուցի հետ, որը կոչվում է «Affibodies», որը նախատեսված է քաղցկեղի բջիջներին կպչելու եւ դեղերը հենց ուռուցքի մոտ հասցնելու համար՝ քաղցկեղի դեմ պայքարի նպատակով, տեղեկացրել է «Научная Россия»-ն։
Այս երկու սպիտակուցները միասին կարող են հեշտացնել դեղի «առաքումը» հենց այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են, ինչը կնվազեցնի կողմնակի ազդեցություններն առողջ բջիջների վրա։
Հետազոտությունը, որը հրապարակվել է ACS Nano-ում, «ուժային անիզոտրոպիայի» հայեցակարգ է եւ ցուցադրում է, թե ինչպես է PD-L1-ի եւ Affibody-ի միացության ամրությունը փոխվում՝ կախված ամրացման տեղերից։ Թիմը հայտնաբերել է, որ PD-L1-ի ամրացման կետերի փոփոխությունը կարող է այդ զույգը 4 անգամ ավելի ամուր դարձնել։ «Այս առաջընթացը կարող է բարելավել սպիտակուցներին (ինչպիսին է Affibody-ն) դեղերի ամրացման միջոցը, որպեսզի դրանք կարողանան արդյունավետորեն գտնել եւ կապվել քաղցկեղի բջիջների հետ»,- ասել է աշխատանքի համահեղինակ, դոկտոր Դիեգո Գոմեսը։
«Կարգավորելով Affibodies-ի ամրացման տեղը՝ մենք կարող ենք դրանք ավելի ամուր դարձնել, որպեսզի դրանք ավելի երկար պահպանվեն օրգանիզմում՝ օգնելով ավելի արդյունավետ հասնել քաղցկեղի բջիջներին»,- նշել են մասնագետները։ Թիմն օգտագործել է ինչպես լաբորատոր փորձեր, այնպես էլ համակարգչային մոդելներ, որպեսզի ստուգի, թե որքան լավ կարող է սպիտակուցային համալիրը պահպանվել միասին։ Հայտնաբերվել է, որ ճիշտ կարգավորման դեպքում համալիրը ոչ միայն ամուր է մնում, այլեւ դառնում է ավելի կայուն ձգվելիս, ինչը այն կատարյալ է դարձնում դեղերն անմիջապես քաղցկեղի բջիջներին հասցնելու համար։
Այդ հայտնագործությունը կարող է հանգեցնել դեղերը «տեղ հասցնելու» ավելի հուսալի համակարգերի ստեղծման, ինչը թույլ կտա հետազոտողներին մշակել հակաքաղցկեղային դեղամիջոցներ, որոնք ավելի ճշգրիտ կազդեն ուռուցքների վրա եւ ավելի երկար կպահպանեն իրենց արդյունավետությունը։ Այժմ դոկտոր Բերնարդիի թիմը մտադիր է մշակել էլ ավելի ամուր սպիտակուցներ, որոնք կկարողանան ավելի մեծ ճշգրտությամբ գտնել եւ ամրանալ քաղցկեղի բջիջների տարբեր տեսակներին։
Բացի դեղերը «տեղ հասցնելուց»՝ այս աշխատանքը կարող է օգնել նաեւ քաղցկեղի վիրաբուժության մեջ, որտեղ Affibodies-ները կարող են գունավորիչներ տանել, որոնք կստիպեն քաղցկեղի բջիջներին լույս արձակել հատուկ լուսավորության տակ՝ օգնելով վիրաբույժներին հայտնաբերել եւ հեռացնել ուռուցքները։ Դրանք կարող են նաեւ լիցքավորվել ռադիացիայով, որպեսզի ուղիղ ազդեն քաղցկեղի բջիջների վրա եւ սպանեն դրանք ժամանակի ընթացքում։






