Ըստ Կարոլինսկայի ինստիտուտի նոր հետազոտության, որի արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia բժշկագիտական հանդեսում, սիրտ-անոթային համակարգի հանրածանոթ դեղամիջոցները նվազեցնում են ծերության ժամանակ դեմենցիայի զարգացման վտանգը:
Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ սիրտ-անոթային համակարգի սովորական դեղամիջոցների երկարատև օգտագործումն առնչվում է ավելի ուշ թուլամտության զարգացման վտանգին:
Հետազոտողները կիրառել են շվեդական ազգային ռեգիստրները: Հետազոտությանը մասնակցել են 70 տարեկանից բարձր մոտ 88 հազար մարդ, որոնց մոտ 2011-2016 թվականներին ախտորոշվել է դեմենցիա, իսկ վերահսկվող խմբում ընդգրկվել է 880 հազար մարդ:
Սրտանոթային հիվանդությունների բուժման համար նաատեսված դեղորայքի մասին տեղեկությունը ստացվել է Շվեդիայի նշանակված դեղերի գրանցամատյանից:
Արդյունքները ցույց են տալիս, որ հակահիպերտոնիկ դեղամիջոցների, խոլեստերինը իջեցնող դեղերի, միզամուղների և արյունը նոսրացնող միջոցների երկարատև օգտագործումը 4-25%-ով նվազեցնում է դեմենցիայի զարգացման ռիսկը։ Պարզվել է, որ դեղերի համակցություններն ավելի ուժեղ պաշտպանիչ ազդեցություն ունեն, քան եթե դրանք օգտագործվեին առանձին-առանձին։
Գիտնականները միաժամանակ պարզել են, որ հակաթրոմբոցիտային դեղամիջոցների օգտագործումն, ընդհակառակը, կարող է առնչվել դեմենցիայի զարգացման բարձր վտանգին:
Հակաթրոմբոցիտային դեղամիջոցները դեղամիջոցներ են, որոնք օգտագործվում են ինսուլտների կանխարգելման և թրոմբոցիտների միմյանց կպչելու համար: Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ այս դեղամիջոցները մեծացնում են ուղեղում միկրո արյունահոսության վտանգը, որն առնչվում է ճանաչողական ունակությունների անկմանը:






