Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեքշաբթի հավանություն է տվել ճապոնական դեղագործական KM Biologics ընկերության՝ ծաղիկի դեմ պատվաստանյութին շտապ օգտագործմանը, որը գործակալության հավանությունը ստացած երկրորդ պատվաստանյութն է, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Կազմակերպությունը հայտարարել է, որ թույլտվություն է տրամադրել արտակարգ իրավիճակների օգտագործման ցանկում (EUL) LC16m8 պատվաստանյութն ընդգրկելու համար՝ «խթանելու պատվաստանյութերի ժամանակին հասանելիությունն այն համայնքներում, որտեղ կապկածաղկի բռնկումները հաճախակիացել են»:
«Արտակարգ իրավիճակներում LC16m8 ծաղիկի դեմ պատվաստանյութի ներառումը ԱՀԿ-ի ցանկում կարևոր քայլ է մեր արձագանքման գործում ներկայիս իրավիճակին, որը նոր հնարավորություն է ընձեռում պաշտպանելու ամբողջ բնակչությանը, ներառյալ երեխաներին»,-նշել է ԱՀԿ գլխավոր տնօրենի դեղերի և առողջապահական ապրանքների հասանելիության գծով օգնական Յուկիկո Նակատանին:
ԱՀԿ-ն միաժամանակ զգուշացրել է, որ պատվաստանյութը չպետք է կիրառվի հղիության ընթացքում կամ թույլ իմունային համակարգ ունեցողների շրջանում:
Սեպտեմբերին կազմակերպությունն արդեն նախաորակավորել էր կապկածաղկի դեմ մեկ այլ պատվաստանյութ՝ բավարա-սկանդինավյան MVA-BN-ը՝ փորձելով նպաստել հիվանդության աճող բռնկումների դեմ պայքարին:
ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունն օգոստոսի 14-ին նոր միջազգային արտակարգ դրություն հայտարարեց կապկածաղկի համաճարակի պատճառով՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում նոր 1b շտամի դեպքերի աճին առնչվող մտահոգությունների ֆոնին, որը տարածվել է հարևան երկրներում:
ԱՀԿ-ի տվյալներով՝ այս տարի այս և ծաղիկի այլ տեսակներ գրանցվել են 80 երկրներում, դրանց թվում՝ 19-ը՝ Աֆրիկայի երկրներում: Այսօրվա դրությամբ՝ ամենավատ տուժած երկիրը շարունակում է մնալ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն է, որտեղ գրանցվել է ավելի քան 39 հազար կասկածելի դեպքերի ճնշող մեծամասնությունը և ավելի քան 1000 մահ: Կապկածաղիկն առաջանում է վարակված կենդանիների միջոցով մարդկանց փոխանցվող վիրուսից, սակայն կարող է փոխանցվել նաև մարդուց մարդուն՝ սերտ ֆիզիկական շփման միջոցով:
Կապկածաղիկն առաջացնում է ջերմություն, մկանային ցավ և մաշկային մեծ վնասվածքներ և կարող է մահացու վաճան ունենալ:






