Կյանքն ու մահը, թերևս, կենսաբանական օրգանիզմի գոյության միակ բևեռները չեն։ Գիտնականները երրորդ վիճակն են հայտնաբերել՝ բջիջների յուրատեսակ վերածնունդը։ Սա բժշկության մեջ հսկայական առաջընթաց է խոստանում։
Ըստ Սիեթլի Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Նոբլի և Կալիֆորնիայի City of Hope բժշկական կենտրոնի գիտնական Ալեքս Պոժիտկովի տվյալների, օրգանիզմի մահից հետո նրա բջիջները կարող են սննդանյութերի, թթվածնի, կենսաէլեկտրականության կամ կենսաքիմիական ազդանշանների առկայության դեպքում նոր ունակություններ ձեռք բերել, որոնք չեն ունեցել կյանքի ընթացքում, հայտնում է Euronews-ը։ Այսպես, գիտնականները պարզել են, որ սատկած գորտերի մաշկի բջիջները կարող են հարմարվել լաբորատորիական Պետրի թասում՝ ինքնաբուխ վերակազմավորվելով բազմաբջիջ օրգանիզմների, որոնք կոչվում են «քսենոբոտներ»։
Նրանք նաև հայտնել են, որ մարդու թոքերի միայնակ բջիջները օրգանիզմի մահից հետո կարող են խմբավորվել մանր բազմաբջիջ օրգանիզմների, որոնք կոչվում են «անտրոբոտներ»։
Նոբլի և Պոժիտկովի հետազոտություններն այսպիսով կասկածի տակ են առնում այն պատկերացումը, որ բջիջներն ու օրգանիզմները զարգանում են միայն մեկ՝ կանխորոշված ձևով։ Արդյո՞ք այդ հյուսվածքները կարող են գոյատևել և գործել օրգանիզմի մահից հետո, որոշվում է մի շարք գործոններով, նշում են գիտնականները։ Դրանք են շրջակա միջավայրի պայմանները, նյութափոխանակության ակտիվությունը և պահպանման մեթոդները:
Բջիջների տարբեր տեսակներ ունեն գոյատևման տարբեր ժամանակներ: Օրինակ, մարդկանց մոտ արյան սպիտակ բջիջները սովորաբար ոչնչանում են մահից հետո 60-ից 86 ժամվա ընթացքում, մկան կմախքի բջիջները կարելի է վերականգնվել 14 օրվա ընթացքում, իսկ ոչխարների և այծերի ֆիբրոբլաստները հնարավոր է իմպլանտացնել կենդանիների մահից մոտ մեկ ամիս հետո:
Այս ոլորտում հետազոտությունները շարունակվում են ավելի քան 15 տարի: Առաջին փորձերը թերահավատությամբ ընդունվեցին գիտական հանրության կողմից, սակայն ժամանակի ընթացքում տրամադրությունները փոխվեցին: 2017 թվականին գիտնականները պարզեցին, որ մահից հետո մկների և ձկների մոտ հազար գեն է գործում...
Նոբլը և Պոժիտկովը կարծում են, որ նման հետազոտությունները վերականգնողական բժշկության և իմունոթերապիայի ոլորտում կարող են հանգեցնել հեղափոխական բեկման, ինչպես նաև ժամանակի ընթացքում հիմքեր ստեղծել «իրավաբանական մահ» հասկացության վերանայման համար։ «Մենք կյանքի վերաբերյալ հիմնարար հարցերի ըմբռնման շեմին ենք»,- եզրակացնում են նրանք։






