Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բարձրագույն նյարդային գործունեության և նյարդաֆիզիոլոգիայի ինստիտուտի, ակադեմիկոս Ն.Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ազգային բժշկական գիտահետազոտական ​​ինստիտուտի,  ՌԳԱ ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտի և Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական ​​համալսարանի ռուսաստանցի գիտնականների թիմը հայտնել է միացությունների հայտնաբերման մասին, որոնք կարող են արգելակել գլիոբլաստոմայի՝ ուղեղի քաղցկեղի ագրեսիվ ձևի, զարգացումը:

Գլիոբլաստոման շարունակում է մնալ գործնականում անբուժելի հիվանդություն։ Թերապիայի գոյություն ունեցող մեթոդները ամբողջությամբ չեն վերացնում ուռուցքը, իսկ մնացած ուռուցքային բջիջները քիմիաթերապիայից կամ ճառագայթային թերապիայից հետո դառնում են էլ ավելի ագրեսիվ և դիմացկուն հետագա բուժման նկատմամբ, ինչը հանգեցնում է անխուսափելի ռեցիդիվների:

Հետազոտողների կողմից հայտնաբերված հատուկ մոլեկուլները՝ ապտամերները, ունակ են կապվելու սպիտակուցների հետ, որոնք պատասխանատու են ուռուցքի աճի համար։ Դրա շնորհիվ ուռուցքային բջիջների տեղաշարժվելու և բաժանվելու ունակությունը նվազեցվում է, ինչը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետորեն ազդել դրանց վրա ուռուցքի շրջանում։

Ապտամերները նուկլեոտիդների շղթաներ են, այդ իսկ պատճառով դրանք կոչվում են նաև սինթետիկ ԴՆԹ։ Նրանք ունեն փոքր չափսեր, կայուն են, հեշտ են ստացվում  և իմունոգեն չեն: Քիմիական սինթեզի գործընթացում հեշտ է վերահսկել դրանց բաղադրությունն ու մաքրությունը։

Ավելի վաղ աշխատանքի հեղինակները պարզել էին, որ bi-(AID-1-T) ապտամերը ճնշում է մարդու գլիոմայի ուռուցքային բջիջների բաժանվելու ունակությունը։ Մոլեկուլը արգելափակում է հատուկ սպիտակուցի ակտիվությունը, որը մեծ ծավալներով արտազատվում է չարորակ գլիոբլաստոմայի ցողունային բջիջների կողմից: Բացի այդ, այս ապտամերն ավելի խոցելի է դարձնում քաղցկեղի բջիջները ճառագայթային թերապիայի դասական ազդեցության նկատմամբ:

Երկրորդ ուսումնասիրված bi-(AID-1-C) ապտամերը նվազեցնում է ուռուցքային բջիջների տեղաշարժման ունակությունը: Նրա մոլեկուլը կապվում է մեկ այլ սպիտակուցի հետ, որի ակտիվությունը որոշում է գլիոբլաստոմայի բջիջների՝ ուղեղի առողջ հյուսվածք ներթափանցելու ունակությունը, և այդ սպիտակուցի արգելափակումն օգնում է դադարեցնել ուռուցքի աճի գործընթացը։

Այս ապտամերների համակցված օգտագործումը, ըստ գիտնականների, կարող է թե՛ հեշտացնել քաղցկեղային ուռուցքի վիրահատական ​​հեռացումը, թե՛ մեծացնել քիմիաթերապիայի արդյունավետությունը: