ՄԻԱՎ-ի շատ դեպքերի հայտնաբերումը առաջին հայացքից կթվա, թե լավ չէ, բայց դա նաեւ պատճառ է շատ հետազոտության, հետազոտությունների քանակը տարեցտարի ավելանում է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը:
«Ոչ միայն հետազոտություններն են ավելանում, այլ ավելանում են նպատակային հետազոտությունները։ Ներկայումս հետազոտությունները ավելի շատ գնում են դեպի բնակիչը, դեպի մարզերը, դեպի առաջնային օղակ: Դրա շնորհիվ հայտնաբերումներն էլ են ավելանում, այդ թվում վաղ փուլերում: Շուտ հայտնաբերումը մեզ հնարավորություն է տալիս մարդուն որակյալ բուժում տրամադրել և նա կշարունակի որակյալ կյանքով ապրել: Բացի այդ, դա կկանխարգելի հետագա տարածումը:
Ներկայումս, եթե համեմատենք վերջին տարիներին, իհարկե մի փոքր միտում կա դեպի վաղ հայտնաբերում»,-ասաց նա:
Հարցին՝ ո՞ւմ է խորհուրդ տրվում հետազոտվել, Արզաքանյանը պատասխանեց. «Ցանկացած մարդ, ով ունեցել է անպաշտպան սեռական հարաբերություն անհայտ կարգավիճակով անձի հետ, ցանկալի է, որ հետազոտվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ։ Ես կառաջարկեմ հետազոտում ոչ միայն ՄԻԱՎ-ի, այլ ընդհանրապես սեռական ճանապարհով փոխանցվող բոլոր ինֆեկցիաների, այդ թվում նաև գեպատիտ B-ի և C-ի։
Այն անձը, ով օգտագործում է ներարկային ճանապարհով թմրամիջոց, նույնպես ցանկալի կլինի, որ հետազոտվի միավորի վերաբերյալ։
Մի կարևոր խումբ ունենք՝ աշխատանքային միգրանտները, մեր հիվանդների գրեթե կեսը հենց աշխատանքային միգրացիայի արդյունքում են վարակվել, այսինքն գնացել են արտերկիր, մեծամասամբ ՌԴ, այնտեղ ունենալով հարաբերություններ, վարակվել են և վերադառնալով Հայաստան արդեն կարող են վարակել նաև իրենց զուգընկերներին»:
Նա ընդգծեց, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ ծառայությունը, սկսած հետազոտությունից մինչև ախտորոշում և հետագայում նաև բուժումը, Հայաստանում անվճար է. «Այն անվճար է ոչ միայն մեր քաղաքացիների համար, այլ ցանկացած անձի համար, ով գտնվում է այս պահին Հայաստանում։ Մարդը կարող եք գալ նաև մեր կենտրոն և անանուն հետազոտվել նաև։ Եթե չի ուզում ինչ-ինչ պատճառներից ելնելով սկզբում իր անունը բացահայտել, ապա նա կարող է անանուն հետազոտվել: Եթե պատասխանը դրական եղավ, նա կընդգրկվի բուժման և խնամքի ծառայությունում, իհարկե այդ դեպքում արդեն անանուն չի լինի»,-ասաց Արզաքանյանը:






