Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները (CDC) հաստատել են երեխայի թռչնագրիպով (H5N1) վարակվելու առաջին դեպքն ԱՄՆ-ում։
CDC-ի հաղորդագրությունում նշվել է, որ կալիֆոռնիացի երեխան թեթեւ ախտանշաններ ունի, ստացել է հակավիրուսային դեղեր եւ այժմ վերականգնվում է հիվանդությունից հետո։ Ստացված նմուշում հայտնաբերվել է վիրուսային նյութի ցածր մակարդակ։ Հաջորդ թեստերը ցույց են տվել, որ H5 վիրուսը բացակայում է, բայց հայտնաբերել են այլ շնչառական հիվանդությունների վիրուսներ, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Հետաքննության ընթացքում թեստեր են վերցվել ընտանիքի անդամներից։ Թռչնագրիպի թեստերը բացասական են եղել, բայց որոշ դեպքերում ի հայտ են եկել այլ տարածված շնչառական հիվանդությունների վիրուսներ։ Ընդհանուր առմամբ, նշել են CDC-ում, ԱՄՆ-ում չեն գրանցվել թռչնագրիպի փոխանցման դեպքեր մարդուց մարդուն։
Այս տարի ԱՄՆ-ում գրանցվել է թռչնագրիպով վարակման 55 դեպք, որոնցից 29-ը՝ Կալիֆոռնիայում։
Բնակչության համար վտանգը ցածր է, տեղեկացրել է գերատեսչությունը։
Հոկտեմբերի վերջին տեղեկացվել էր H5N1 վիրուսի հայտնաբերման մասին խոզի մոտ ընտանեկան ֆերմայում (Օրեգոն), ինչն առաջին նման դեպքն է երկրում։






