«Միասին հաղթահարենք կրծքագեղձի քաղցկեղը». այս նշանաբանով հայ ուռուցքաբանները հավաքվել են կլոր սեղանի շուրջ՝ քննարկելու Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի բուժման ձեռքբերումներն ու արդի խնդիրները, ինչպես նաև ոլորտի նորությունները։
Հայաստանում վերջին տարիների ամենակարևոր ձեռքբերումը վաղ փուլի HER2neu դրական քաղցկեղի բուժման պետական ծրագիրն է, որը ներդրվել է ՀՀ-ում 2020թ․-ից Տարբեր բուժկենտրոնների մասնագետները ներկայացնում են այս ծրագրի իրականացման իրենց վիճակագրությունն ու արդյունքները։ Ընդհանուր պատկերը ամփոփում է ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու, Էրեբունի ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն՝ Հայկուհի Գյոկչյանը։
«2020 թվականի մարտից Առողջապահության նախարարությունը ուռուցքաբանների թիմի հետ մշակեց ծրագիր HER դրական կրծքագեղձի քաղցկեղով կանանց համար տրաստուզումաբ թանկարժեք դեղի ձեռքբերման ծրագիրը։ 2020թ-ից մինչև այսօր հազարից ավել կին ստացել է թանկարժեք այդ դեղով բուժումը։ Եթե մենք մինչ այս ծրագրի ներդրումը Հայաստանում ունեինք մոտ 35-40 տոկոս հիվանդության կրկնողություն և մետաստազավորում, ապա այդ թիվն այժմ իջել է 7 տոկոսի, ինչը հրաշալի ցուցանիշ է։ Սա նշանակում է, որ այդքան կին առողջացել է և վերադարձել է կյանք՝ առողջ վիճակում», - ասում է Գյոկչյանը։
Մասնագետները նշում են. այս հիվանդության դեմ պայքարում շատ կարևոր է հիվանդության վաղ ճիշտ ախտորոշումը, բուժման գրագետ ընտրությունը, որը հնարավորություն կտա ապահովել երկար ապրելիություն և կյանքի բարձր որակ։ Բուժման ընտրությունը կախված է քաղցկեղի մոլեկուլյար ենթատեսակներից և փուլից։ «Աստղիկ» բժշկական կենտրոնի Ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հասմիկ Պետրոսյանի զեկույցը կրծքագեղձի քաղցկեղի մետաստատիկ փուլի հորմոն դրական մոլեկուլյար ենթատիպի բուժման ժամանակակից մոտեցումների մասին է։ Մասնագետները քննարկում են դրանք Հայաստանում ներդնելու անհրաժեշտությունը։
«Այսօրվա իմ զեկույցի թեման միջազգային չափորոշիչների կողմից ընդունված բոլոր բուժումներն են մետաստատիկ ենթատիպերից մեկի, որը գրեթե ամենաշատն է հանդիպում իր տարածվածությամբ, և քննարկելու ենք կոլեգաների հետ՝ ինչպես ներդնենք այդ բուժման հիմնական կարևորագույն դրույթները նաև Հայաստանում, ինչ մարտահրավերների հետ ենք հանդիպում, և լավագույնս կարողանանք մատուցել մեր պացիենտներին այն ամենը, ինչին իրենք արժանի են, որպեսզի իրենք ապրեն երկար, լավ կյանքի տևողությամբ և լավ կյանքի որակով», – նշում է Հասմիկ Պետրոսյանը։
Թեև HER2neu դրական ենթատիպի կրծքագեղձի քաղցկեղի մետաստատիկ փուլի բուժումը ներառված չի պետական ծրագրում, ըստ մասնագետների, տրաստուզումաբով բուժումը այս դեպքում ևս լավ արդյունք է տալիս` զգալիորեն բարելավելով պացիենտների կյանքի տևողությունն ու որակը։ Կրծքագեղձի քաղցկեղի ամենաագրեսիվ մոլեկուլյար ենթատիպը եռակի բացասական քաղցկեղն է, որը, ցավոք, հիմնականում հանդիպում է երիտասարդ կանանց մոտ, կարող է արագ տարածվել և ավելի դժվար է ենթարկվում բուժման։ Բայց այսօր ևս կան նոր մոտեցումներ, որոնք հուսադրող են.
«Անձամբ ես ներկայացնելու եմ ավելի ագրեսիվ տեսակներին վերաբերող նոր նյութերը, հետազոտության արդյունքները․ HER դրական և եռակի բացասական քաղցկեղի մասին է խոսքը, երբ հորմոնալ թերապիան տեղ չունի և բուժման տարբերակները, ցավոք, շատ ավելի քիչ են և, ըստ այդմ, ավելի ցածր է հիվանդների ապրելիությունը։ Այդ պատճառով սա շատ արագ զարգացող ոլորտ է, նոր կարգի պրեպարատներ են ստեղծվում աշխարհում, այդ պրեպարատները կոմբինացիայի են ենթարկում զուգակցումների տարբեր տեսակի, որոնք իհարկե բարձրացնում են արդյունքները։ Այս պոպուլյացիան շատ կարևոր է նաև նրանով, որ այստեղ ունենք երիտասարդ պացիենտներ, և շատերն ունենում են ժառանգական նախատրամադրվածություն և, եթե ստուգենք, հայտնաբերում ենք ժառանգական մուտացիաներ։ Կան ստեղծված հատուկ պրեպարատներ, որոնք ընկճում են այդ մուտացիաները», - ասում է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար Լիլիթ Հարությունյանը։
Թեև այսօր կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետության մեջ գրանցվում է մեծ առաջընթաց ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, այն շարունակում է մնալ դեռևս ամենատարածված քաղցկեղը կանանց մոտ։ ԱՀԿ տվյալներով, 2020 թվականին աշխարհում ավելի քան 685 000 կին է մահացել կրծքագեղձի քաղցկեղից, և սա բավական մտահոգիչ թիվ է։ Եվ ԱՀԿ–ն կոչ է անում չթողնել կանանց միայնակ այս հիվանդության հետ։ Այս տարվա վարդագույն հոկտեմբերի կարգախոսն էր. «Ոչ ոք չպետք է միայնակ հաղթահարի կրծքագեղձի քաղցկեղը», և այն հնարավոր է հաղթահարել, եթե գործենք միասին, համախմբված։





