Նյարդերի խթանման ցավազրկող սարքը (TENS-transcutaneous electric nerve stimulation) վաղուց է օգտագործվում արթրիտի, մեջքի ցավի և այլ հիվանդություններ թեթևացնելու համար: Այժմ հետազոտողներն ասում են, որ TENS-ը կարող է նաև օգնել երկարատև COVID-19-ի հետևանքով առաջացած հոգնածությունն ու ցավը թեթևացնելուն:
«TENS-ի այս համակարգն ըստ պահանջի ապահովում է ցավի և հոգնածության անհապաղ թեթևացում՝ միաժամանակ հնարավորություն տալով, որ այն հեշտությամբ ինտեգրվի ամենօրյա գործունեությանը»,-ասում է հետազոտության համահեղինակ, UCLA Health-ի առաջադեմ վիրաբուժական և ինտերվենցիոն տեխնոլոգիաների կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Բիժան Նաջաֆին:
Նրա թիմի փոքրիկ հետազոտության արդյունքները վերջերս հրապարակվել են Nature Scientific Reports բժշկագիտական հանդեսում։ Ներկայում ենթադրվում է, որ COVID-19-ն ազդում է յուրաքանչյուր 13 ամերիկացուց մեկի վրա: Հոգնածությունը, ցավը և մկանային թուլությունը բազմաթիվ հնարավոր ախտանիշներից են: Դյուրակիր TENS սարքերն աշխատում են՝ նյարդերին էլեկտրական հոսանքի ցածր չափաբաժիններ հաղորդելով:
Նոր հետազոտությանը մասնակցել է 25 մարդ: Նրանց ախտորոշվել է մկանա-կմախքային քրոնիկական ցավ, հոգնածություն և քայլելու դժվարություններ՝ երկարատև COVID-ի հետ կապված: Փորձարկվողներին հանձնարարվել էր պատահականության սկզբունքով կրել կամ աշխատող բարձր դոզայով TENS սարք, կամ «պլացեբո» սարք, որն ապահովում էր հոսանքի միայն շատ ցածր չափաբաժիններ: Մեկ ամսվա ընթացքում բոլորը օրական 3-5 ժամ օգտագործել են սարքերը:
Գիտնականները պարզել են, որ իրական TENS սարք օգտագործող մարդիկ միջինում ավելի քան 26%-ով ավելի քիչ ցավ են զգում՝ նրանց համեմատ, ովքեր օգտագործել են պլացեբո սարք, հայտնել է Նաջաֆիի թիմը: Նրանք միաժամանակ միջինը 8%-ով բարելավել են քայլելու ունակությունը ։
Ընդհանուր առմամբ, իրական TENS սարք օգտագործած մարդկանց 71%-ից փոքր-ինչ ավելին հայտնել է, որ իրեն առողջ է զգում՝ պլացեբո սարք նրանց օգտագործած 61,4%-ի համեմատ:
Դրական էր, որ մասնակիցների մեծ մասը տեխնոլոգիան հեշտ օգտագործելի է համարել, ուստի համապատասխանության ցուցանիշները բարձր էին, նշում են հետազոտողները:






