Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները կողմ են քվեարկել Անգլիայում և Ուելսում ընթերակայված («բժշկի կողմից օժանդակված») ինքնասպանությունն օրինականացնող օրինագծին, հայտնում է BBC-ն։
Պատմական օրինագիծը, որին կողմ է քվեարկվել 330 և դեմ՝ 275 պատգամավոր, հաջորդել է հինգ ժամ բուռն քննարկումներին, որոնց ընթացքում պատգամավորները հաղորդակից են դարձրել իրենց անձնական պատմություններին:
Բժշկի կողմից օժանդակված ինքնասպանությունը հաճախ շփոթում են էֆթանազիայի հետ։ Էվթանազիայի միջոցով բժիշկն ինքնուրույն ղեկավարում է այն գործիքը, որը հանգեցնում է մահվան՝ սովորաբար մահացու դեղամիջոցը։ Ընթերակայված ինքնասպանության դեպքում անհրաժեշտ է, որ ողջամիտ մարդն ինքնակամ արտահայտի մահանալու իր ցանկությունը և խնդրի տրամադրել դեղամիջոցի չափաբաժինը, որով կավարտվի իր կյանքը։ Տարբերակիչ ասպեկտն այն է, որ բժշկի կողմից օժանդակված ինքնասպանության ընթացակարգը պահանջում է, որ հիվանդն ինքնուրույն կիրառի դեղամիջոցը։
Օրինագծի առաջին ընդունումը Համայնքների պալատում նշանակում է, որ նախքան օրենք դառնալը դրան կհետևեն ամիսներ շարունակ խորհրդարանական վերահսկողությունը և հավանության արժանացումը:
Ինչպես նշում է The Guardian-ը, փորձագետների կարծիքով, դեռ պետք է շատ հարցերի պատասխաններ տրվեն, թե ինչպես կարող է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը բուժօգնություն տրամադրել մարդու կյանքի վերջում:
Nuffield Trust-ի առողջապահական վերլուծական կենտրոնում պնդում են, որ շատ հարցեր այն մասին, թե ինչպես կարող է իրականացվել օգնությունը մահվան շեմին հասած մարդուն, դեռ պետք է պատասխաններ ստանան, քանի որ օրինագիծը ճանապարհ է անցնում խորհրդարանում: Այսօրվա քվեարկության մասին հայտարարության մեջ, Nuffield Trust առողջապահական վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն Թեա Սթայնը նշել է, որ մինչ օրինագիծը քննարկվում է խորհրդարանում, պատգամավորները պետք է ուշադիր մտածեն, թե օրենքի նման փոփոխությունն ինչպես կազդի Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայություն աշխատանքի և սոցիալական օգնության վրա:
«Եթե այս օրինագիծն օրենք դառնա, ապա բազմաթիվ չլուծված խնդիրներ կմնան՝ կապված ֆինանսավորման, կադրերի և սեփականության հետ: Մասնավորապես, դեռևս պարզ չէ, թե արդյոք ինքնասպանությունը ամբողջությամբ կֆինանսավորվի պետության կողմից։ Եթե այո, ապա այն կտրամադրվի այնպիսի ծառայությունների կողքին, ինչպիսին են սոցիալական խնամքը և հոսփիսը: Այս երկու ծառայություններն էլ ֆինանսական կործանման եզրին են, և պատգամավորները պետք է հասկանան, թե ինչպես է ներկայիս անարդյունավետ տրամադրումը փոխազդելու այս նոր ծառայության հետ, ինչ հետևանքներ կարող է ունենալ այն մարդկանց վրա, ովքեր վճարում են սոցիալական խնամքի համար: Մյուս հարցն այն է՝ ինչպես ֆինանսավորել կյանքի ավարտի օգնությունն արդեն իսկ գերծանրաբեռնված առողջապահության բյուջեից»։






