Ուժեղ դեմոկրատիա եւ կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող երկրները սովորաբար ավելի ուժեղ բժշկական կադրեր են ունենում, նշվել է նոր հետազոտությունում։ Այս մասին արժե հիշել ընտրությունների ժամանակ։

Դեմոկրատիան ազատ ընտրություններ, մարդու իրավունքներ եւ հավասարություն չէ։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այն նաեւ կաված է բուժաշխատողների հետ։

Հայտնի է, որ մարդիկ հարուստ երկրներում, որոնք ավելի ուժեղ պետական ծառայություններ ունեն, որպես կանոն, ավելի երկար են ապրում եւ ավելի ուժեղ առողջապահական համակարգ ունեն։ Բայց պարզվում է, որ դեմոկրատիան եւ կոռուպցիան եւս կարեւոր գործոն են այս հարցում, հետեւում է 134 երկրների հետազոտությունից, որը հրապարակվել է PLOS Global Public Health ամսագրում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ բարձր դեմոկրատական համարվող երկրներում, որպես կանոն, բժիշկներն ավելի շատ են։

Բժիշկների առկայությունը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ բժշկական սպասակում կարող են ակնկալել մարդիկ։

Այլ հետազոտությունների տվյալներով՝ բժիշկների խտության յուրաքանչյուր 10 տոկոս ավելացման դեպքում բուժսպասարկման հասանելիությունը եւ որակը բարձրանում են 2,3 տոկոսով։

Դեմոկրատիայի, կոռուպցիայի եւ բուժաշխատողների միջեւ կապը պահպանվել է անկախ այն բանից, թե երկրները որքան փող են ծախսել առողջապահության վրա տնտեսության չափի համեմատ, նշվել է հետազոտությունում։

«Կառավարման որակը, ինչպես դեմոկրատիայի, այնպես էլ կոռուպցիայի միջոցով, կարեւոր դեր է խաղում առողջապահության կադրային քաղաքականության ձեւավորման հարցում»,- ասել է դոկտոր Ամրիթ Կիրպալանին Կանադայի Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի բժշկական ֆակուլտետից (հետազոտության առաջատար հեղինակ)։

Եվրոպայում առաջատարներն են Ֆինլանդիան, Շվեդիան եւ Ավստրիան, որոնք դեմոկրատիայի բարձր եւ կոռուպցիայի ցածր ցուցանիշներ ունեն եւ բժշկական ուժեղ կադրեր, ասել է Կիրպալանին Euronews-ի հարցազրույցում։

Սակայն նաեւ բացառություններ են եղել։ Բուլղարիան եւ Ռումինիան դեմոկրատական երկրներ են, բայց նրանք խնդիրներ ունեն կոռուպցիայի հետ կապված, որը կարող է խափանել նրանց բժշկական կադրերը, ավելացրել է նա։

«Երկիրը կարող է շատ դեմոկրատական լինել, բայց եւ պայքարել կոռուպցիայի դեմ կամ հակառակը»,- ասել է Կիրպալանին։

Ստացված արդյունքները որոշ նրբություններ են մտցնում տվյալների աճող շտեմարանում, որոնք վկայում են այն մասին, որ դեմոկրատիայի տարածմանը զուգընթաց՝ աշխարհում բարելավվում են բնակչության առողջության ցուցանիշները։

Օրինակ, 115 երկրների վերլուծությունը 1960-2015թթ. ցույց է տվել, որ դեմոկրատիայի մակարդակին զուգընթաց՝ երկրում նվազել են մահացության ընդհանուր ցուցանիշները, այդ թվում մանկական եւ նորածնային։

Բռնապետության պայմաններում ապրող մարդկանց համեմատ դեմոկրատական երկրների բնակիչները նաեւ հազվադեպ են մահանում սիրտ-անոթային հիվանդություններից եւ դժբախտ դեպքերից՝ կապված վթարների հետ, նշվել է մեկ այլ հետազոտությունում, որը հրապարակվել է Lancet բժշկական ամսագրում։

«Բռնապետական եւ ավտոկրատական երկրներում «լավ կապեր ունեցող մարդկանց համար, որոնք մտնում են իշխանական մերձավոր շրջանակի մեջ, կարող են հասանելի լինել իսկապես լավ հաստատություններ, բայց բնակչությունն ընդհանուր առմամբ տարբեր շրջաններում կարող է ինքնահոսի մատնվել,- ասել է Դոմինիկ Ռոները (պրոֆեսոր Ժնեւի համալսարանից)։- Դեմոկրատիայի օրոք ավելի մեծ է հաշվետվողականությունը, քիչ՝ կոռուպցիան, ավելի լավ՝ բժշկության հասանելիությունը»։

Սակայն, ըստ Ռոների, այս տարի ավելի վաղ կատարված գլոբալ վերլուծությունը, որն իրականացվել է Բոլոնիայի համալսարանի հետ համատեղ, դեմոկրատական երկրում ապրելը բավական չէ առողջության հարցում գերազանցություն ստանալու համար, նշանակություն ունի նաեւ այն, թե որտեղ են մարդիկ մեծացել։

Ավտորիտար երկրում ապրած տարիներն ասում են իրենցը՝ անկախ այն բանից, որ մարդիկ մեծ տարիքում ապրում են դեմոկրատական երկրներում, եւ նրանց շրջանում մահացությունը մեծ է։

Մանկական մահացությունը նույնպես դեմոկրատական երկրներում ցածր է 3,28 տոկոսով։

«Անգամ եթե դուք մեծացել եք ավտոկրատիայի պայմաններում, իսկ հետո անցել եք դեմոկրատական երկիր, կորսված տարիները անվերադարձ են, եւ վնասը չի անհետանում»,- ասում է Ռոները։

Իհարկե, բռնապետները հազիվ թե պատրաստ են հրաժարվել իրենց իշխանությունից հանուն մարդկանց առողջության։ Բայց, ըստ Ռոների, այս եզրակացությունները կարեւոր հետեւանքներ ունեն ընտրողների համար ողջ աշխարհում, երբ նրանք որոշում են, թե ինչ թեկնածուների ընտրեն իշխանությունում։

Պարզվում է, առողջ բնակչությունը նույնպես կարող է իր դերը խաղալ քվեարկության ժամանակ։

«Ընտրողները պետք է նկատի ունենան, որ, ըստ վիճակագրության, եթե նրանք ընտրում են ավտոկրատիան, միջին քաղաքացու կյանքը պակաս բարեկեցիկ կլինի,- ասել է Ռոները։- Իսկ դեմոկրատիային վերադառնալու ճանապարհը շատ դժվար է»։