Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ճարպակալումից տառապող մարդկանց օրգանների շուրջ ճարպի կուտակումը սերտորեն կապված է ուղեղում Ալցհայմերի հիվանդությանն առնչվող սպիտակուցների կուտակման հետ, հաղորդում է Health Day-ը։

Վիսցերալ ճարպը մարդու մարմնի բնական ճարպային հյուսվածք է, որը կուտակվում է որովայնի հատվածում՝ ներսից: Այն ցնցումների բնական փոխհատուցող է, պաշտպանում է կենսական օրգանները՝ դրանք ցանկալի դիրքում պահպանելով ։

Միջին տարիքում այս օրգանական ճարպի կուտակումը կարող է մեծացնել ուղեղին վնասող երկու սպիտակուցների՝ ամիլոիդ և տաու պրոտեինների մակարդակը, պարզաբանում է Սենտ Լուիսում Վաշինգտոնի համալսարանին առընթեր բժշկության դպրոցի Մահսա Դոլաթշահիի ղեկավարած խումբը:

Ալցհայմերի հիվանդության իրական ախտանիշները կարող են ի հայտ գալ միայն շատ տարիներ անց:

Դոլաթշահին համալսարանին առընթեր Մալինկրոդտի ռադիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող է:

Նրա աշխատանքի արդյունքները երկուշաբթի ներկայացվել են Չիկագոյում Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական ընկերության (RSNA) տարեկան ժողովում:

Դոլաթշահիի թիմին հետաքրքրել է՝ արդյոք միջին տարիքում կարո՞ղ են լինել Ալցհայմերի հիվանդության հետագա զարգացման հավանականության վրա ազդող գործոններ:

«Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ներքին օրգանների ճարպի ավելացումը առնչվում է է Ալցհայմերի հիվանդությանը բնորոշ երկու անոմալ սպիտակուցների՝ ամիլոիդի և տաուի PET սկանավորման մակարդակի բարձրացման հետ»,-ասում է Դոլաթշահին: «Որքան մեզ հայտնի է՝ մեր հետազոտությունը միակն է, որը ցույց է տալիս այս արդյունքները միջին տարիքում, երբ մեր մասնակիցները տասնամյակներ անց զարգացնում են Ալցհայմերի հիվանդության հետևանքով առաջացած դեմենցիայի ամենավաղ ախտանիշները»:

Ըստ Ալցհայմերի դեմ պայքարի ասոցիացիայի տվյալների, ներկայում Ալցհայմերի հիվանդությամբ տառապում են 65 տարեկան և ավելի բարձր տարիքի 6,9 միլիոն ամերիկացիներ, և այդ թիվը մինչև հարյուրամյակի կեսը կարող է հասնել 13 միլիոնի: