Սուոնսիի համալսարանի գիտնականները հեղափոխական մարջանից ներշնչված ոսկրային փոխպատվաստման փոխարինիչ են մշակել, որը ոչ միայն նպաստում է ավելի արագ ապաքինմանը, այլև վերականգնման ավարտից հետո բնական ճանապարհով ձուլվում է օրգանիզմում:

Այս նորարարկան հետազոտությունը, որը ղեկավարել է դոկտոր Ժիդաո Սիան՝ Սուոնսիի համալսարանի բժշկական դպրոցից, Գիտության և ճարտարագիտության ֆակուլտետի գործընկերների և մի շարք արտաքին գործընկերների հետ համատեղ, արտոնագրվել և հրապարակվել է Bioactive Materials առաջատար բժշկագիտական հանդեսում:

Ոսկրային արատները, որոնք առաջանում են կոտրվածքներից, ուռուցքներից և չբուժող վնասվածքներից, հաշմանդամության հիմնական պատճառներից մեկն են ամբողջ աշխարհում: Ավանդաբար, բժիշկներն այս բացերը լրացնելու համար օգտագործում են կամ հիվանդի սեփական ոսկորը (աուտոփոխպատվաստում) կամ դոնորի ոսկորը (ալլոփոխպատվաստում): Սակայն այս եղանակներն ունեն իրենց մարտահրավերները, ներառյալ սահմանափակ պաշարը, վարակման վտանգը և էթիկական նկատառումները: Օգտագործելով առաջադեմ 3D տպագրության տեխնոլոգիան՝ թիմը մշակել է բիոմիմետիկ նյութ: Այն ընդօրինակում է մարջանից փոխարկված ոսկրային փոխպատվաստման փոխարինիչի ծակոտկեն կառուցվածքը և քիմիական բաղադրությունը, անխափան կերպով միախառնվելով մարդու ոսկորին և ունի մի շարք անհավանական առավելություններ:

Արագ ապաքինում. այն նպաստում է նոր ոսկորների աճին՝ ընդամենը 2-4 շաբաթվա ընթացքում:

Ամբողջական ինտեգրում. նյութը բնականաբար քայքայվում է ուժեղացված վերականգնումից հետո 6-12 ամսվա ընթացքում՝ իրենից հետո թողնելով միայն առողջ ոսկոր:

Շահավետությունը. Ի տարբերություն բնական մարջանի կամ դոնորական ոսկորների, այս նյութը հեշտ է արտադրել մեծ քանակությամբ:

Նախակլինիկական հետազոտություններում նյութն ուշագրավ արդյունքներ ցույց տվեց. այն 3-6 ամսվա ընթացքում ամբողջությամբ վերացրեց ոսկրային թերությունները և նույնիսկ 4 շաբաթվա ընթացքում նպաստեց ամուր, առողջ կեղևային ոսկորների նոր շերտի ձևավորմանը:

Ներկայում շուկայում առկա սինթետիկ ոսկրային փոխպատվաստման փոխարինողներից շատերը չեն կարող համապատասխանել բնական ոսկորների հատկություններին: Նրանք կա՛մ շատ երկար են ձուլվում, կա՛մ լավ չեն ապաքինվում, կա՛մ առաջացնում են կողմնակի բարդություններ, մասնավորապես՝ բորբոքումներ: Այս նոր նյութը վերացնում է վերոնշյալ խնդիրները՝ ճշգրիտ կերպով ընդօրինակելով բնական ոսկորը թե՛ կառուցվածքի, թե՛ կենսաբանական վարքագծի առումով: