Ուեյն նահանգի համալսարանի գիտնականները ենթադրել են, որ քաղցկեղի դեմ պայքարի միջոցը ոչ թե օրգանիզմում բորբոքումը ճնշելն է, այլ այդ բորբոքումը ճիշտ նախաձեռնելը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Immunology բժշկագիտական հանդեսում:

Գիտնականներին վաղուց է հայտնի, որ օրգանիզմում կարող են ընթանալ երկու տեսակի՝ սուր և խրոնիկական բորբոքային ռեակցիաներ: Ընդ  որում, ինչպես պնդում են հետազոտողները, խրոնիկական բորբոքումը սոսկ վնասվածքի կամ հիվանդության հետևանքով առաջացած սուր բորբոքման շարունակությունը չէ, այլ առաջացման առանձին մեխանիզմով ինքնուրույն գործընթաց է:

Միացյալ Նահանգների գիտնականներն իրենց առաջարկած նոր վարկածը «միալենտացիա» են անվանել: Ըստ առաջատար հետազոտող և պաթոլոգիայի պրոֆեսոր Կրիշնա Ռաո Մադիպատիի՝ բորբոքում  առաջացնող միացությունները, միշտ ներկա են օրգանիզմնում՝ նույնիսկ նորմալ առողջության պարագայում: Ընդսմին, դրանք, որպես կանոն, վերահսկվում են հակաբորբոքային միացություններով:

Սուր բորբոքումն առաջանում է, երբ բորբոքային մոլեկուլների թիվը կտրուկ ավելանում է վնասվածքի տեղում, մինչդեռ բնականոն ֆիզիոլոգիայի պահպանմամբ խրոնիկական բորբոքումը զարգանում է հակաբորբոքային միացությունների մակարդակի նվազման պատճառով:

Մկների և բջջային ուղիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ խրոնիկական բորբոքումների ապաքինումը ոչ միայն բորբոքային մոլեկուլների մակարդակի նվազեցում է ներառում, այլև ենթադրում է հակաբորբոքային միացությունների քանակն ավելացնելու ուղիների որոնում: Այս մոտեցումը կարող է կարևոր նշանակություն ունենալ տարբեր հիվանդությունների, դրանց թվում՝ քաղցկեղի բուժման համար։

Քաղցկեղի դեպքում բորբոքումը հիվանդության զարգացման առումով առանցքային դեր է խաղում: Սակայն առավել արդյունավետ բուժման համար բորբոքումը որպես երկու տարբեր գործընթացներ բուժելը նոր հեռանկարներ է բացում:

Գիտնականներն ընդգծում են, որ բորբոքումն օրգանիզմի պաշտպանական մեխանիզմն է, ուստի այն ամբողջությամբ ճնշելու ձգտումը կարող է սխալ լինել։ Հետազոտողների համոզմամբ՝ քաղցկեղի դեմ պայքարում բորբոքման պատշաճ խթանումը կարող է ակտիվացնել իմունային պատասխանները և նպաստել ուռուցքների ոչնչացմանը: