Լաբորատոր ճանապարհով հաստատված կապիկի ծաղկի՝ mpox-ի («էմպոքս»՝ կապիկի ծաղկի նոր անվանումը) ավելի քան 2 հազար դեպք գրանցվել է Աֆրիկայում նոյեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 1 ընթացքում։ Այս շրջանում հիվանդացության եւ մահացության ամենամեծ աճը գրանցվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

ԱՀԿ տեղեկատվական թերթիկի համաձայն՝ 2024թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը Աֆրիկայում գրանցվել են mpox-ի 13 171 հաստատած դեպք եւ 57 մահացու ելք, ինչը համապատասխանաբար 2 023-ով եւ 4-ով ավելին է նոյեմբերի 3-ի դրությամբ։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վարակվածների թիվն ավելացել է 851-ով նոյեմբերի 3-ից հետո՝ հասնելով 9 513-ի։

Վերջին մեկ ամսում Անգոլան համալրել է այն երկրների շարքը, որտեղ հայտնաբերվել է mpox հիվանդությունը։ 2022թ. հունվարի 1-ից մինչեւ այս տարվա հոկտեմբերի 31-ը աշխարհում հայտնաբերվել է 115 101 հաստատված դեպք, ներառյալ 255 մահացու դեպքերը։

Արտակարգ դրության ռեժիմը համաշխարհային առողջապահությունում՝ mpox-ի հետ կապված, գործել է 2022թ. հուլիսի-2023թ. մայիսի 11 ընթացքում։ Այն չեղարկվել է հիվանդացության նվազման արդյունքում, բայց օգոստոսի 14-ին ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նորից արտակարգ դրություն հայտարարեց Աֆրիկայում հիվանդության բռնկման պատճառով։