Ռոքֆելերի համալսարանի գիտնականները պարզել են, որ քաղցկեղի մետաստազները կարող են կապված լինել ոչ թե ուռուցքի մուտացիաների, այլ օրգանիզմի գենետիկ առանձնահատկությունների հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են կաթնագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների գենետիկ առանձնահատկությունները եւ պարզել, որ  PCSK9 գենի տարածված տարբերակը, որն առկա է սպիտակամորթ կանանց 70 տոկոսի սաղմնային բջիջներում, կարող է կապված լինել մետաստազների բարձր վտանգի հետ։ Այս տարբերակն ունեցող կանանց մոտ նկատվել են ողջ մնալու ավելի քիչ հավանականություն եւ մետաստազների առաջացման ավելի բարձր ռիսկ՝ 22 տոկոս այդ տարբերակը չունեցող կանանց 2 տոկոսի համեմատ։

Այս արդյունքները հաստատելու համար գիտական կոլեկտիվը հետազոտել է կաթնագեղձի քաղցկեղի վաղ փուլում գտնվող պացիենտներին, ինչը նույնպես ցույց է տվել մետաստազների բարձր ռիսկ PCSK9 տարբերակն ունեցող կանանց մոտ։

Գիտնականները ենթադրել են, որ PCSK9-ը ազդում է LRP1 ռեցեպտորի վրա քաղցկեղի բջիջներում, ինչը գործի է դնում մետաստազներին նպաստող գեների ակտիվացման կասկադը։ Ավելի վաղ այդ ռեցեպտորը կապված էր մետաստազավորման հետ մելանոմայի դեպքում, ինչը մատնանշում է քաղցկեղի տարբեր ձեւերի միջեւ նման մեխանիզմների մասին։

Այնուամենայնիվ,  հետազոտողները նախազգուշացնում են, որ PCSK9 գենի առկայությունը չի նշանակում մետաստազների անխուսափելի զարգացում։ Այս տարբերակն ունեցող պացիենտների մեծ մասը չի բախվի մետաստատիկ հիվանդության հետ, եւ ռիսկը կմնա համեմատաբար ցածր կաթնագեղձի քաղցկեղի վաղ փուլում գտնվող կանանց մեծ մասի համար։