Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել է «Համագործակցող կենտրոն» (WHO collaborating centre) կարգավիճակ` երեխաների և դեռահասների առողջության ոլորտում:

arabkir9.jpg (89 KB)

Ինչպես շնորհման արարողության ժամանակ նշել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Սիդհարթա Դատտան, նման կենտրոնի կարգավիճակ ունեն Եվրոպական տարածաշրջանի 8 երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան) հաստատություններ: Հայաստանն 9-րդն է` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ով։  Դատտան ընդգծել է, որ այս ձեռքբերման համար պետք է շնորհավորել ոչ միայն բուժհամալիրին, այլև ողջ Հայաստանին։

arabkir2.jpg (77 KB)

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը հիշեցրել է, որ2003թ-ին «Արաբկիր» բժշկական համալիրի կազմում ստեղծվել է Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը։ «Ինստիտուտն իրականացրեց բազմաթիվ ծրագրեր, որոնք լրիվ այլ ուղղությամբ էին գնում, քան հիվանդանոցները, որովհետև հիվանդանոցները չեն  կարող գոյատևել առանց հիվանդների, բայց մեր  նպատակն էր ունենալ առողջ սերունդ, առողջ երեխաներ, առողջ դեռահասներ, և ինչքան կարելի է, թող հիվանդանոցները փակվեն», – ասել է նա։

arabkir4.jpg (64 KB)

Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, դոկտոր Սերգեյ Սարգսյանը ներկայացրել է այն ծրագրերը, որոնց շնորհիվ «Արաբկիր» համալիրին շնորհվեց այդ պատվավոր կոչումը։ Մասնավորապես, նա առանձնացրել է երեխաների գիրության հսկողության նախաձեռնությունը և «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտությունը», որն արդեն իրականացվել է մի քանի անգամ, «և իր ծավալով ՀՀ–ում երբևէ իրականացված ամենախոշոր գիտական հետազոտությունն է երեխաների և դեռահասների շրջանում»։

arabkir3.jpg (104 KB)

Վերջին, ամենաթարմ ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ  Եվրոպական մանկաբուժական խորհուրդը «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ին շնորհել է եվրոպական ստանդարտներին համապատասխանող մանկական ալերգոլոգիայի թրեյնինգ կենտրոնի կարգավիճակ:

«Մեր ծրագրերի շուրջ մենք ունենք պարտավորություն և համագործակցություն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ Դրանք երեքն են՝ երեխաների զարգացումն ու վերականգնումը, դեռահասների առողջությունը և մանկաբուժության որակը», – ասել է նա։  

Նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ օրը պատմական է և նման իրադարձությունն ուրախություն է բոլորի համար: «Ուրախ ենք, որ այս կենտրոնն է առաջինը ստանում ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Հայաստանում կուտակված փորձը, Հայաստանի մասնագետների ձեռքբերումները նաև կիսվելու առիթ կլինեն այլ երկրներում։ Մենք երկար տարիներ մշտապես, ինչպես ԱՀԿ ընտանիքի մյուս երկրները, օգտվում ենք այն տեխնիկական աջակցությունից, որն առկա է, և շատ մեծ գնահատանքի է արժանի, բայց ուրախ եմ, որ մենք ինքներս նաև մաս ենք կազմելու այդ համընդհանուր գիտելիքի կուտակմանը, նորարարական մոտեցումների ձևավորմանը», -ասել է նախարարը:

arabkir7.jpg (49 KB)

Ստանալով ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը` Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել, ասելով. «Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք ոչ միայն վերցնել գիտելիքներ և փորձառություն` աշխարհի առաջատար առողջապահական կազմակերպություններից, այլև տալ դրանք այլ երկրների նույնպես: Սա մարդկության առաջընթացի բանաձևն է»:

arabkir6.jpg (51 KB)

Միջոցառմանը ներկա են եղել նաև առողջապահության փախնախարար փոխնախարար Արմեն Գասպարյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոն, ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամից, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակից, հյուրեր և գործընկերներ տեղական և միջազգային տարբեր կառույցներից:

Ներկաներին տեսակապով ողջունել և շնորհավորել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի երեխաների և դեռհասների առողջության ծրագրի ղեկավար, բուժօգնության որակի ապահովման պատասխանատու Մարտին Վեբերը:

arabkir5.jpg (93 KB)
arabkir8.jpg (67 KB)