Քաղցկեղի ճշգրիտ ախտորոշման, բուժման և վերահսկման համար այսօր կարևոր դեր ունի միջուկային բժշկությունը։ Այն կիրառում է տարբեր ռադիոակտիվ նյութեր՝ ռադիոզոտոպներ, որոնք կուտակվում են համապատասխան օրգաններում և ճառագայթում։ Այդ ճառագայթը գրանցում են համապատասխան սարքերը։
«Պացիենտներին տրվում են ռադիոֆարմ պրեպարատներ։ Այսինքն, ռադիոակտիվ նյութ գումարած հավելում, որը անգլերենում կոչվում է թրեյսեր։ Այն ռադիոակտիվ նյութին ուղղորդում է դեպի հետազոտվող օրգան։ Եվ որ հատվածից որ ռադիոակտիվ նյութը ճառագայթ է արձակում, այն հատվածից, որտեղից դուրս են գալիս ճառագայթները և գրանցվում սարքի կողմից, այդտեղ են գտնվում ուռուցքային բջիջները», – ասում է «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ռադիոնուկլիդային ախտորոշման բաժանմունքի ղեկավար Գուրգեն Էլբակյանը։
Թե ինչպես է պացիենտը նախապատրաստվում, ստանում ռադիոֆարմպրեպարատը և անցնում ՊԷՏ/ԿՏ հետազոտությանը «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում, դիտեք մեր տեսանյութում։





