Բրիտանացի Կատրինա Բրաունը դիմել է բժիշկներին՝ գանգատվելով թուլությունից և վերջույթների ուժեղ ցավից, սակայն նրան սխալ ախտորոշում են տվել, ինչի պատճառով էլ նա, ի վերջո, զրկվել է մատներից։ Կնոջ պատմությունը հրապարակել է Manchester Evening News (MEN) պարբերականը։

Երբ Բրաունը 21 տարեկան էր, նրա մոտ ախտորոշել են Ռեյնոյի հիվանդություն, որի դեպքում արյան անոթները նեղանում են և վերջույթներին բավականաչափ արյուն չի հասնում: Նա հաճախ թուլության նոպաներ էր ունենում, որոնք տարիքի հետ սրվում էին։ Ժամանակի ընթացքում նրա մոտ առաջացել են կլման խնդիրներ և վերջույթների ու հոդերի մշտական ​​ցավեր։ Բրաունը այցելել է մի քանի բժիշկների, բայց նրանք նրա գանգատները վերագրել են Ռեյնոյի հիվանդությանը կամ լակտոզայի հանդեպ անհանդուրժողականությանը:

Առաջին անգամ բժշկի դիմելուց հինգ տարի անց նրա մոտ ախտորոշվել է սկլերոդերմիա:

Բրաունը մանրամասն ուսումնասիրել է իր հիվանդության մասին գիտական ​​հոդվածները և հայտնաբերել, որ իրեն կօգնի ցողունային բջիջների փոխպատվաստումը: Նա դիմել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հիվանդանոցներ, սակայն մերժում է ստացել, քանի որ հիվանդությունն արդեն խորացել էր:

Բրաունին, այնուամենայնիվ, հաջողվել է ցողունային բջիջների փոխպատվաստում կատարել, որից հետո հիվանդությունը նահանջել է։ Սակայն ձեռքի արյունատար անոթների վնասման պատճառով կնոջ մատները ստիպված են եղել անդամահատել։ Բրիտանուհին հավելել է, որ, չնայած իր անցած բոլոր դժվարություններին, ուրախ է, որ ողջ է և կարող է աշխատել։ Նա նաև կոչ է արել լուրջ հիվանդություններ ունեցող մարդկանց լինել համառ և պաշտպանել իրենց շահերը: