Սթենֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ գրիպի վիրուսը կարող է վարակիչ մնալ սառնարանային հում կաթում մինչև հինգ օր: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Environmental Science & Technology Letters (ESTL) բժշկագիտական հանդեսում:

Ոմանք պնդում են, որ, ի տարբերություն պաստերիզացված կաթի, հում կաթն իմունային համակարգը և ստամոքս-աղիքային առողջությունը բարելավող ավելի օգտակար սնուցիչներ, ֆերմենտներ և պրոբիոտիկներ է պարունակում: Սակայն նախապես չտաքացված կաթ խմելը կարող է վտանգավոր լինել:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ H1N1 գրիպի վիրուսը սովորական պահպանման ջերմաստիճանում կարող է հում կաթի մեջ գոյատևել և վարակիչ մնալ մինչև հինգ օր: Բացահայտումը գիտնականների շրջանում անհանգստություն է առաջացրել փոխանցման հնարավոր ուղիների վերաբերյալ, ներառյալ կաթնամթերքի ագարակներում գտնվող կենդանիների և մարդկանց վարակումը:

Բացի դրանից, հետազոտողները պարզել են, որ գրիպի վիրուսի ՌՆԹ-ն՝ գենետիկական տեղեկություն կրող մոլեկուլները մնացին հայտնաբերելի հում կաթում առնվազն 57 օրվա ընթացքում: Թեև պաստերիզացումն արդյունավետորեն սպանում է վարակիչ վիրուսը և զգալիորեն նվազեցնում վիրուսային ՌՆԹ-ի քանակը, այն վիրուսը լիովին չի վերացնում:

Փորձագետներն ընդգծում են, որ թեև գրիպի վիրուսի ՌՆԹ-ն անմիջական սպառնալիք չէ առողջության համար, պաթոգենների շրջակա միջավայրի հսկողության համար կարևոր ցուցանիշ է: